Վարչապետին գցել են թյուրիմացության մեջ

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը հունիսի 28-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ կառավարության հնգամյա ծրագիրն իրականում դժվար է ծրագիր կոչել, քանի որ այն ընդամենը ներկայացնում է կառավարության տնտեսական գործունեության ընդհանուր դրույթներ:

Ծրագրի հեղինակները թյուրիմացության մեջ են գցել վարչապետին, կառավարությանը եւ Ազգային ժողովին, կարծում է Էդուարդ Աղաջանովը: Նրա խոսքով, ծրագրի շատ դրույթներ հիմնավորված չեն, իսկ խնդիրները` որոշակիացված:

Երեւանյան մեկ այլ ակումբում` Հայացքում, կառավարության ծրագրի մասին գովական խոսքեր է հնչեցրել Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նա կարծում է, որ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը բխում է ներկայիս իրողություններից եւ արտահայտում է այն մարտահրավերները, որ պետության առջեւ են ծառանալու ապագայում:

Մինասյանը նշել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է այն աշխատանքի արդյունքի վրա, որ Հայաստանը կատարել է վերջին մի քանի տարիների ընթացքում: «Մեր պետությունը կարողացավ իրականացնել բավական լավ արդյունքով տնտեսական քաղաքականություն, չնայած այնպիսի վատ հանգամանքերի, ինչպիսին հարեւանների հետ հարաբերությունը, ծովի բացակայությունը եւ տարանցիկ ուղիների բացակայությունը», ասում է Գագիկ Մինասյանը:

Նա նաեւ ավելացրել է, թե կարեւոր են ժողովրդավարության գործի հաջողությունները, քանի որ առանց ժողովրդավարության սոցիալական ձեռքբերումները կլինեին անցողիկ: