NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միքայել Դանիելյան. «Լեւոն Գուլյանին սպանել են»
Մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության քննչական վարչությունում առեղծվածային
հանգմանքներում զոհված Լեւոն Գուլյանի հարազատները, գերմանացի ու դանիացի
փորձագետների եզրակացությանը հպանցիկ ծանոթանալուց հետո հանգել են եզրակացության,
որ միջազգային փորձագետները «կոնկրետ բացատրություն չեն տվել»:
Եզրակացությունում, որը դեռեւս թարգմանվում է, նշված է, թե Գուլյանը մահացել է «բարձրությունից ընկնելու հետեւանքով» :
«Նրանք կոնկրետ չեն գրում, որ երկորրդ հարկից ընկնելու հետեւանք է» , - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գուլյանի այրին` Ջեմմա Գուլյանը:
Եզրակացության մեջ նշվում է նաեւ, որ Լեւոն Գուլյանը ընկնելուց առաջ մարմնի վրա «որոշ վնասվածքներ ունեցել է» :
«Նշվում է, որ մինչեւ մահը նրա վրա եղել են հետքեր, վնասվածքներ, որոնք եղել են...
հրելով կամ բռունցքով հարվածից» , - հավելեց Ջեմմա Գուլյանը:
Հայաստանյան մամուլում այսօր հրապարակվել են այդ եզրակցությունից որոշ հատվածներ:
Ըստ այդմ` միջազգային փորձագետների եզրակացությունը եւ Հայաստանում կատարված
դատաբժշկական փորձաքննության արդյունքները համընկնում են այն հարցում, որ Լեւոն
Գուլյանը մահացել է «բարձրությունից ընկնելու հետեւանքով» :
Գլխավոր հարցի պատասխանը, սակայն, դեռեւս մնում է անհայտ` Լեւոնը ի՞նքն է ընկել, թե՞
նրան ցած են գցել:
Հայաստանի հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը, ով հանդես է
գալիս որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, այսօր հրավիրած ասուլիսում
ներկայացրեց Հայաստանում կատարված դատաբժշկական փորձաքննության եւ Լեւոն Գուլյանի
դիակի լուսանկարների հիման վրա կատարված` իրենց փորձաքննության արդյունքները:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ` Լեւոն Գուլյանին սպանել են» , - ասաց Դանիելյանը: -
«Լեւոն Գուլյանին սպանել են ոստիկանությունում» :
«Միանշանակ հայտարարում եմ` կատարվածը սպանություն է, որին նախորդել են
խոշտանգումները» , - ասաց Հելսինկյան ընկերակցության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
Լեւոն Գուլյանը մահացել է մայիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության
վարչության շենքում, ուր նրան որպես վկա հարցաքննության էին տարել իրեն պատկանող «Պանդոկ» ռեստորանի դիմաց Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ:
Ռուզաննա Ստեփանյան
