NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անհրաժեշտ է քաղաքական դաշտի նոր որակ
Մայիսի 12-ին խորհրդարանի ընտրությանը 5 տոկոսի շեմը չանցած ԱԺԿ նախագահ շավարշ Քոչարյանը հունիսի 27-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ կյանքը Հայաստանին տալիս է նոր փոփոխությունների հնարավորություն, բայց թե իշխանական եւ թե ընդդիմադիր դաշտերը որակապես համահունչ չեն նոր հնարավորություններին: Նրա խոսքով, Հայաստանի նոր Սահմանադրությունը երկիրը դարձրել է տիպիկ կիսանախագահական պետություն: Իսկ այդ պարագայում իշխանության հարցը լուծվել է խորհրդարանի ընտրությանը, ինչը նշանակում է, որ իշխանությունը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը, իսկ իրական իշխանության առաջին դեմքը դառնում է վարչապետը: Այդ առումով Շավարշ Քոչարյանը այդքան էլ կարեւոր չի համարում այն հեռանկարը, որ Հայաստանում կարող է ձեւավորվել վիճակ, երբ նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի նախագահը միեւնույն կուսակցության ներկայացուցիչ են:
Եթե երկրում լինի նախագահ, որը չի պատկանում քաղաքական մեծամասնությանը, ապա քանի որ կառավարության կազմը որոշում է օրենքը, իսկ օրենք ընդունում խորհրդարանը, ապա խորհրդարանական մեծամասնությունը կարող է կառավարության կազմում կատարել կառուցվածքային փոփոխություն եւ բոլոր այն ոլորտները` ուժային եւ արտաքին քաղաքական, որոնք նախագահի իրավասությանն տակ են, դնել կառավարության, այսինքն վարչապետի իրավասության տակ: Իրավիճակի այդպիսի վերլուծություն է անում Շավարշ Քոչարյանը:
Իսկ հարցին, թե այդ պարագայում ավելորդ չի դառնում Սերժ Սարգսյանի նախագահական հավակնությունը, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Խնդիրը հետեւյալն է, եթե կիսանախագահական համակարգում նախագահը եւս ներկայացնում է այդ մեծամասնությունը, ապա նա դառնում է գերհզոր նախագահ: Այն պարզ հաշվարկը, որ ես ձեզ բերեցի, այդ դեպքում ուժային կառույցները չեն ենթարկվի կառավարությանը, այլ ուղղակի կմնան ենթակա նախագահին: Իսկ իրենք այդ դեպքում ավելի անվերահսկելի են, որովհետեւ եթե կառավարության կազմում են, առնվազն, օրինակ բերեմ, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող են հարց ուղղել նրանց: Իսկ մեծամասնությունը միշտ ցանկանում է լինել անվերահսկելի: Այնպես որ, այս դեպքում հասկանալի է այն տրամաբանությունը, որով գործում է հանրապետականը եւ որով գործում է Սերժ Սարգսյանը: Նա ձգտելու է լինել նախագահ», ասում է Շավարշ Քոչարյանը:
Ընդդիմության առումով Շավարշ Քոչարյանն ասում է, որ Հայաստանին անհրաժեշտ է խաղի նոր կանոնների տրամաբանությունն ըմբռնող ընդդիմություն: ԱԺԿ ղեկավարն ասում է, թե ի տարբերություն իր կուսակցության, ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան, որ մայիսի 12-ին իշխանությունը գործելու է բոլորովին այլ մեթոդներով, քան համապետական նախորդ ընտրություններին էր` չի լցոնելու, չի ծեծելու, չի կալանելու, չի ահաբեկելու, այլ կիրառելու է ընտրությունների կեղծման նոր տեխնոլոգիաներ, մասնավորապխես, մարդկանց խմբերը շրջելու են տեղից տեղ եւ քվեարկելու են բացակաների փոխարեն: Ըստ Շավարշ Քոչարյանի, ընդդիմությունը այդ պարզ իրողությունը չկարողացավ նկատել եւ խաղաց իշխանության խաղը: Եթե ընդդիմությունը որակապես չփոխվի եւ չմիավորվի, ներկայանալով միասնական թեկնածույով, ապա կարելի է համարել, որ նախագահի ընտրությանը պարտությունն անխուսափելի է, կարծում է Շավարշ Քոչարյանը:
