NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նրանց քաղբանտարկյալ չի համարում
Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս երաշխավորագիր էր գրել իրավապահ կառույցներին, որպեսզի նրանք ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց համարել է քաղբանտարկյալ, ինչպես նաեւ նամակով կոչ էր արել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ու մյուս պատգամավորներին, միանալ «Ժառանգություն» խմբակցության անդամների գրած երաշխավորագրին:
«Ես կարծում եմ, մենք պետք է զգույշ լինենք ձեւակերպումների առումով: Հայաստանում քաղբանտարկյալներ, բարեբախտաբար տարիներ շարունակ չեն եղել եւ այսօր էլ չկա: Հետեւաբար մնացած մասը, ինձ համար այլեւս դարձել է երկրորդական», հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այդպես է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի մասին հարցին:
«Նամակը, որտեղ խոսվում է քաղբանտարկյալների մասին, արդեն պատասխանը կանխորոշում է: Ես համարում եմ, որ այն անձինք, ում մասին խոսվում է այդ նամակում, քաղբանտարկյալներ չեն: Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Գիտեք, քաղաքական բանտարկյալ ասածը որեւէ մեկի ցանկությունով չէ, որ ձեւակերպվում է: Կան հստակ ձեւակերպումներ, որոնցով որոշվում է այս կամ այն մարդը քաղաքական բանտարկյալ է , թե ոչ: Մնացածը շահարկումներ են: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, ապա կարծում եմ, որ գործի քննության ավարտից հետո պատասխանները կտրվեն: Այսօր որեւէ մեկը գնահատական տալու իրավունք չունի: Որովհետեւ չի կարելի օդից գնահատականներ տալ», ասում է Տիգրան Թորոսյանը:
Լրագրողները նրան հիշեցրել են, որ երբ Տիգրան Թորոսյանի կուսակիցներից շատերը հայտնվում էին Խորհրդային Միության բանտերում, նրանց նույնպես քաղբանտարկյալ չէին համարում այդ երկրում: Այդ դիտարկմանը Տիգրան Թորոսյանը պատասխանել է, թե այս տարածքում Խորհրդային պետություն արդեն վաղուց գոյություն չունի: «Խորհրդային Միությունում, խորհրդարանի նախագահը եւ լրագրողներն իրար հետ այսպես չէին շփվում, եւ ոչ էլ այդպիսի հարցեր էին տալիս Խորհրդային Միության խորհրդարանի նախագահին: Այնպես որ կարծում եմ կան բազմաթիվ փաստեր, զգալու համար, որ վաղուց Խորհրդային Միությունը չկա եւ համեմատությունները տեղին չեն», ասում է Տիգրան Թորոսյանը:
