NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իսկ Հայաստանին դա չի մտահոգում
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ին մտահոգում է Հայաստանի եւ Իրանի հարաբերության խորացումը: Այդ կապակցությամբ լրագրողների խնդրանքով հունիսի 19-ին պարզաբանումներ է տվել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով հարցին, թե ինչն է ԱՄՆ դիրքորոշման փոփոխության պատճառը:
«Կարծում եմ, որ այնտեղ փոփոխություն չկա: Միշտ էլ մեր հարաբերությունները, բոլորև երկրների հետ, առավել եւս մեր հարեւանների, եղել է թափանցիկ եւ ուղղակի այստեղ խնդիր չկա, մտահոգության որեւէ կարիք չկա: Ես չգիտեմ ճիշտ ինչ կոնտեքստում է այդ բոլորը ասվել, բայց վստահ եմ, որ այնտեղ մտահոգվելու որեւէ խնդիր չկա», ասում է Վարդան Օսկանյանը:
Ինչ վերաբերում է Գոդֆրիի այն խոսքին, թե Նահանգներն իր մտահոգությունը հաղորդել է Հայաստանի կառավարությանը, ապա Վարդան Օսկանյանը կարծես թե հերքում է դա:
«Գիտեք, մենք երկխոսություն ունենք Միացյալ Նահանգների հետ բոլոր հարցերում, տնտեսական,քաղաքական, անվտանգության: Այդ շրջանակներում բոլոր տեսակի հարցեր քննարկվում են: Նորից եմ կրկնում, որեւէ խնդիր, այսօր, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ չկա կապված Հայաստան-Իրան հարաբերությունների հետ», այդ առնչությամբ ասում է Վարդան Օսկանյանը:
