Շեշտակի փոփոխություն 2008 թվականին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հունիսի 18-ին Մամուլի Ազգային ակումբում խոսել է Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրության մասին: Լրագրողները նրան հարցրել են, որ եթե Դաշնակցությունը սեփական թեկնածուով է գնալու Հայաստանի նախագահի ընտրությանը, հետեւաբար մրցակցելու է ՀՀԿ թեկնածուի, հավանաբար Սերժ Սարգսյանի հետ, եւ ինչպես է նա պատկերացնում այդ անխուսափելի բախումը: Վահան Հովհաննիսյաննն ասել է, թե դա չի նշանակում, որ անպայման լինելու է սուր բախում եւ հայհոյախառն մրցակցություն: «Մեզ համար սա պայքարի ընդունելի ձեւ չէ: Ես չգիտեմ, դեռ կարծեմ չի որոշել չէ՞ Հանրապետականը, թե ով է լինելու իր թեկնածուն: Դե երբ որ որոշի` ավելի հստակ կդառնա, բայց ով էլ լինի, մենք Հանրապետական կուսակցության հետ թշնամի չենք: Մենք պարտնյորներ ենք, երկար ճանապարհ ունենք անցած եւ մենք ընդամենը մեր մոտեցումներն ունենք շատ եւ շատ հարցերի վերաբերյալ: Մենք տեսնում ենք այդ հարցերի այլ լուծումը», ասում է Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը նշել թե վախնալու բան չկա, որ նախագահը կարող է լինել ոչ Հանրապետական, քանի որ խորհրդարանը մնում է ՀՀԿ բացարձակ մեծամասնության ձեռքին: «Այստեղ առանձնահատուկ վախենալու բան, որ երկրում տեղի կունենա ինչ որ հեղաշրջում, ցնցումներ եւ այլն, պետք չէ, հակակշիռներ կան: Այլ հարց, որ միեւնույն ժամանակ թե նախագահն է Հանրապետական, թե խորհրդարանը: Այդ ժամանակ մի քիչ հակակշիռները, նժարը կարծես թե կորցնում է հավասարությունը: Այդ իմաստով ես կարծում եմ, որ պետք է մտածել նաեւ, ոչ թե քաղաքական կոնկրետ շահի, այլ երկրի շահի մասին: Ես որեւէ կասկած կամ մտավախություն այդ կապակցությամբ չունեմ: Ի վերջո, ով ուզում է, թող ընտրվի: Հայաստանում արդեն կան մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա դեպի դիկտատուրա երկրի գլորվելը, սակայն իմ կարծիքով, դեռ այդ մեխանիզմներն այդքան կատարելագործված չեն: Դրանց կատարելագործելու համար դաշնակցական նախագահը կարծում եմ ամենահարմարն է», ասում է Վահան Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու ընտրությանը ՀՀԿ-ին բացարձակ մեծամասնություն տված հասարակությունը պետք է հանկարծ որոշի չընտրել Հանրապետական թեկնածուին, առավել եւս, երբ համընդհանուր, այդ թվում եւ Դաշնակցության գնահատմամբ, խորհրդարանի ընտրությունը եղել է ազատ եւ արդար, Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. «Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտրությունները բարձր են գնահատվել, բայց նաեւ մենք ունենք որոշ առանձնահատկություններ մեր երկրում, որտեղ քվեարկողը ու քվեն դա նույնը չեն», ասում է Վահան Հովհաննիսյանը: Այդ իմաստով նա, առավել եւս, որ նախագահի ընտրությանը քաղաքական բաղադրիչը հասնում է գագաթնակետին եւ նվազում են արտաքաղաքական գործոնները, 2008 թվականին հնարավոր է համարում պատկերի շեշտակի տարբերում:

Իսկ 2008 թվականի ընտրության հետեւանքով քաղաքական վերադասավորումներ Վահան Հովհաննիսյանը չի սպասում, ասելով, որ վերադասավորումները լինում են խորհրդարանի ընտրության հիման վրա, ինչն արդեն անցել է: «Վերադասավորումը կարող է տեղի ունենալ, առաջին հերթին բոլորին օրենքի առաջ հավասարեցնելու ճանապարհով: Հայաստանում այսօր դասավորումը հիմնականում օրենքի նկատմամբ է, քաղաքական դասավորումներ ունեն որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց գաղափարական հակամարտության մեջ ապագան են տեսնում, բայց այսպես ասած վերնախավը, մեր երկրի, հիմնականում բաժանված է օրենքի նկատմամբ իրենց վերաբերմունքով, որովհետեւ գաղափարն այստեղ տեղ չունի: Ով օրենքի առաջ հավասար է, իսկ ով մի քիչ ավելի հավասար է, ասելով Օրվելի խոսքով: Սա է վիճակը: Եթե բոլորին միանգամից հավասար դարձնես, իսկապես հավասար, ապա այդ ժամանակ նոր միայն տեղի կունենա իսկական վերադասավորում», ասում է Վահան Հովհաննիսյանը: