NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մի անգամ արդեն ունեցել են իրենց նախագահը
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Ղարաբաղի նախագահի ընտրության կապակցությամբ Ղարաբաղի ներքին իրավիճակի սրման առումով ՀՅԴ Բյուրոյի անդամը մտահոգ չէ, իսկ ինչ վերաբերում է գնահատականներին, որ հնչեցնում են տարբեր անհատ փորձագետներ, մտավախություն արտահայտելով վերարտադրվելու ջանքի կապակցությամբ, որ առանց իրեն խնայելու գործադրում է ԼՂՀ ներկայիս նախագահ Արկադի Ղուկասյանը, փորձելով նախագահ դարձնել Բակո Սահակյանին, ապա Վահան Հովհաննիսյանը դրան նույնպես վերաբերում է բնական:
«Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն բնականաբար ձգտում է ինքնավերարտադրման: Դա աքսիոմ է, ես չեմ հնարել: Վատ է դա, թե լավ, դա առանձին հարց է, բայց եկեք հաշվի առնենք, որ եթե իշխանությունը ձգտում է իրեն վերարտադրել ավելի լավ տեսակով, դա վատ էլ չի, եթե միեւնույն ժամանակ ապահովվում է ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությանը, աճը, եւ այլն, եւ այլն», ասում է Վահան Հովհաննիսյանը: Թերեւս պետք է ենթադրել, որ Բակո Սահակյանի թեկնածությունը Դաշնակցության համար «լավ վերարտադրության» տարբերակն է, այլապես անտրամաբանական կլիներ Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու որոշումը, որ կայացրել է Ղարաբաղում իբրեւ թե ընդդիմություն համարվող ՀՅԴ տեղի կառույցը: Այդ կառույցի տեսակետը կուսակցության տեսակետն է, որը պաշտոնապես հնչել է եւ որին Վահան Հովհաննիսյանը չունի ավելացնելու ոչինչ:
ՀՅԴ Բյուրոյի անդամը նաեւ բացատրել է, թե ինչու ՀՅԴ-ն Հայաստանի նախագահի ընտրությանը անպայման մասնակցելու է սեփական թեկնածույով, իսկ ահա Ղարաբաղում պաշտպանեց իշխանական թեկնածու Բակո Սահակյանին: «Կարծում եմ, որ կարեւորությունը նախագահական ընտրությունների` Հայաստանի եւ Ղարաբաղի, ի վերջո, համաձայնվեք համեմատելի չէ: Դաշնակցության համար ներկա փուլում շատ կարեւոր է կուսակցության ինքնուրույնությունը պահպանելը: Եվ դա է պատճառը, ինչու մենք այդ որոշմանը, վերջապես պինդ կանգնեցինք», ասում է Վահան Հովհաննիսյանը: Բայց այդ դեպքում միթե Ղարաբաղի կառույցի ինքնուրույնությունը թանկ չէ ՀՅԴ ղեկավարության համար, որ հանդուրժում է իշխանության թեկնածուին պաշտպանելու այդ կառույցի որոշումը:
«Նայեք, Ղարաբաղում, ես կրկնում եմ, պայմանները բոլորվին տարբեր են: Եվ եթե ինչ որ մարդիկ ասենք ղարաբաղյան նախագահական ընտրությունները դարձնում են համաշխարհային կարեւորության քաղաքական միջոցառում, ապա մենք գտնում ենք, որ Ղարաբաղի անվտանգությունը պահպանելու հարցը ոչ միայն Ղարաբաղի նախագահի անձից եւ մոտեցումներից է կախված: Այն մեծապես կռվում, պատրաստվում է այստեղ եւս: Այ տարբերությունը սրա մեջ է: Վերջապես Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների ժամանակ բախման գնալը արդարացված չէ, որովհետեւ ի վերջո արդյունքը իրեն չի արդարացնում: Մենք ունեցել ենք փորձ, երբ Ղարաբաղում ունեցել ենք մեր նախագահը, որը հակադրված է եղել Հայաստանի իշխանություններին: Մենք գիտենք, թե ինչ ծանր ջանքերով հաջողվեց այդ իրողությունը Ղարաբաղին վտանգող իրողությունից տեղափոխել մեկ այլ հարթություն: Սա ծանր աշխատանք է եւ քաղաքական հաշվարկի մեջ կուսակցությունները պետք է նկատի առնեն ազգային շահը առաջին հերթին: Ազգային շահը, մեր կարծիքով, պահանջում է հեզասահ հանգիստ իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանում գաղափարների, տեսակետների, մոտեցումների բախում: Դա է պահանջում զարգացման անհրաժեշտությունը», կարծում է ՀՅԴ Բյուրոյի անդամը:
