NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպական դատարանը ընդունել է Ալեքսանդր Արզումանյանի գործը
Մարդու իրավունքի Եվրոպական դատարանը ընդունել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործը: Հունիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին լրագրողներին տեղեկացրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: «Մեկ ամիս է, ինչ Ալեքսանդր Արզումանյանը կալանքի տակ է: Բոլորս գիտենք հոդվածը, որով ինքը կալանավորված է` փողերի լվացում: Գիտենք, որ սա հանրապետությունում առաջին դեպքն է այդպիսի հոդվածով մարդուն քրեական հետապնդման ենթարկելը, գիտենք նաեւ, որ այդ կարգի մեղադրանք Արզումանյանին վերագրելն ահեթեթություն է», ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Ալեքսանդր Արզումանյանին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց խորհրդարանի ընտրությունից առաջ, դա պատճառաբանելով իբրեւ թե փողերի լվացման մեղադրանքով: Սակայն առ այսօր Ալեքսանդր Արզումանյանին այդ մեղադրանքը պաշտոնապես չի ներկայացվել եւ չի հիմնավորվել: Նրա պաշտպանությունն իրականացնող գործիչներն ու փաստաբաններն ասում են, որ այդ մեղադրանքը հաստատելն անգամ անհնարին է: Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանությունն իրականացնողները կարծում են, որ նրան իրականում ձերբակալել են քաղաքական պատճառով, մասնավորապես Քաղաքացիական անհնազանդության շարժման գործունեության պատճառով, որի նախաձեռնողը Ալեքսանդր Արզումանյանն էր: Բացի այդ, նրա ընկերները համարում են, որ ձերբակալման պատճառներից էր Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Արզումանյանի տեսակետների հրապարակումը, նկատի ունենալով, որ լինելով նախկին արտգործնախարար, նա բավական տեղյակ էր բանակցության պատմությանն ու քննարկվող նյութին:
Արզումանյանի նկատմամբ ներկայում որեւէ քննչական գործողություն չի կատարվում: Նա պարզապես կալանքի տակ է, բանտախցում եւ չի հանդիպում ոչ քննիչի, ոչ դատախազի, ոչ որեւէ մեկի հետ, որը պետք է նրան մեղադրանք ներկայացներ կամ հիմնավորեր, ասում են նրա փաստաբանները: Եթե Ալեքսանդր Արզումանյանին ազատ էլ արձակեն, ապա միեւնույն է, Եվրադատարանում նրա գործի քննությունը, նրա դիմումի քննությունը շարունակվելու է, որովհետեւ վիճարկվում է նրան ապօրինի կալանքի տակ պահելու, մտացածին մեղադրանքով անհիմն կալանավորելու հարցը: Այդպիսով, Եվրադատարանի միջոցով, Ալեքսանդր Արզումանյանը հասնելու է իր դիվանագետի մաքուր համբավը միջազգայնորեն վերհաստատելու, ինչը փորձեց խաթարել Հայաստանի իշխանությունը, նրան մեղադրելով կեղտոտ փողի լվացման համար:
