NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նամակներ դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին
Հայաստանի նախկին արտգործնախարար, խորհրդարանի ընտրության նախօրեին փողերի լվացման մեղադրանքով ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանի կինը, Մելիսա Բրաունը, հունիսի 13-ին հայտարարել է, որ արդեն երկու օր է նամակներ են հղում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Նամակները ստորագրում են Մելիսա Բրաունը, Կարապետ Ռուբինյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Վարդան Հարությունյանը:
«Խնդրում ենք, որ մեզ ընդունեն, մի քիչ զրուցենք այդ մասին եւ նրանք Ալիկին ճանաչեն որպես քաղբանտարկյալ: Ու այնքան, որ կարողանան` օգնեն, օգնեն, հասկանալով մեր խնդիրը:», ասում է Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Նա նշում է, որ իհարկե դեսպաններն ու միջազգային կառույցները չեն կարող պաշտոնապես ինչ որ հայտարարություններ անել, բայց նրանք Հայաստանի պաշտոնյաների հետ անձնական շփումների ընթացքում անպայման բարձրացնում են այդ հարցը: Վարդան Հարությունյանն էլ նշում է, որ իրենց գործունեությանը աջակցություն են հայտնել գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, իսկ ահա իշխանակն ուժերի անդամները մասնավոր զրույցի ընթացքում ընդունում են, որ Ալեքսանդր Արզումանյանը հանիրավի է հետապնդվում, բայց ներողություն են խնդրում, որ պաշտոնապես չեն կարող աջակցել նրա պաշտպաններին: «Մենք ներում ենք նրանց», ասում է Վարդան Հարությունյանը ծիծաղելով:
Նա նաեւ նշել է, թե որեւէ տեղեկություն չկա վարչապետ Սերժ Սարգսյանից: Սերժ Սարգսյանը դեռ որեւէ կերպ չի տեղեկացրել Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջն ընդունելու մասին, ինչի պատրաստակամությունը վարչապետը հայտնել էր օրեր առաջ: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ալեքսանդր Արզումանյանի ընկերներն ու հարազատները բողոքի փոքր ցույց էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Սերժ Սարգսյանը պատասխանել էր, թե բոլորին չի ընդունի, բայց Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջը պատրաստ է ընդունել:
Դրանից անցել է արդեն տեւական ժամանակ, սակայն վարչապետից տեղեկություն չկա, նշում են իրավապաշտպան, Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանության աշխատանքը համակարգող Վարդան Հարությունյանը եւ Մելիսա Բրաունը: «Ես սպասում եմ: Վարչապետին հարցրեք, ինձ ընդունում է, թե ոչ», ասում է Մելիսա Բրաունը: Ալեքսանդր Արզումանյանի ընկերներն ու հարազատները հույս են կապում վարչապետի հետ հանդիպման հետ: «Մենք ճիշտն ասած սպասում ենք ընդունելությանը, որովհետեւ դրա հետ նույնպես հույսեր ենք կապում, իմանալով, որ մեր իրականությունում, մեր երկրում, ավելի շատ այդ կարգի հանդիպումները, այդ կարգի զրույցներն են հարցեր լուծում, քան ուրիշ կարգի պրոցեսները», ասում է Վարդան Հարությունյանը:
