NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պատասխանում է ԶԼՄ-ներով հնչեցված հարցերին
Ստորեւ ներկայացնում ենք հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներով հնչեցված հարցերին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանները.
1. Ինչպե՞ս եք գնահատում հերթական կառավարող կոալիցիայի ձեւավորումը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մասնակցությամբ ու ՀՅԴ-ի ներգրավմամբ: Որքանո՞վ արդյունավետ կլինի նոր կոալիցիայի աշխատանքը երկրում իրավական պետության հիմնարար սկզբունքների խախտման պայմաններում:
Հիմնավոր պատասխան տալու համար տակավին վաղ է: Առողջ ակունք` արդյունավետ աշխատանք: Հատվածական հիմք` շահադիտական շարունակություն:
2. Ինչպե՞ս եք գնահատում այսօր 4-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի անբնական տոնական եւ անլուրջ մթնոլորտը (նիստն ուղեկցվում էր ընդդիմադիր պատգամավորների ազգանունների ընթերցմանը զուգորդող ծիծաղի պոռթկումներով, ծափերով ու ծաղրանքով): Ձեր մոտ տպավորություն չստեղծվե՞ց, որ մայիսի 12-ին իրենց վերարտադրությունն ապահոված իշխանական կուսակցությունները խորհրդարանում այսօր թատերականացված ներկայացում էին կազմակերպել:
«Ժառանգությունը» ներկա չէր: Գլխավոր գնահատականը ժողովրդինն է:
3. Ե՞րբ է մտադիր ընդդիմադիր «Ժառանգություն» ֆրակցիան աշխատանքի անցնել Ազգային ժողովում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Թորոսյանի կողմից Ազգային ժողովի առաջին նիստին «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների չմասնակցելու համար քաղաքական ու իրավական դրդապատճառի բացակայության մասին նախօրեին արած հայտարությունը եւ նիստի օրը պետական ԶԼՄ-ներով (Հայաստանի հանրային ռադիո) հնչեցված գնահատականները:
Ես ցանկություն չունեմ պատասխանել իմ կողմից հարգված պարոն Թորոսյանին: Պարզապես ասեմ, որ մամուլում հնչած եւ նրան վերագրված որակումները չեն արտացոլում մեր հեռախոսազրույցի ոգին ու բովանդակությունը:
«Ժառանգության» նամակն արդեն հրապարակել ենք: Մեզ համար էական են երկու` իրավական ու բարոյական հարթությունները, որոնք մեր պատկերացրած քաղաքականության անքակտելի մասնաբաժինն են: Առաջին` ըստ ԱԺ կանոնակարգի, մենք պարտավոր էինք նախապես տեղյակ պահել ԱԺ նախագահին մեր ներկայության անհնարինության եւ դրա հիմնավորումների մասին: Եթե կա պատշաճ այլ հասցեատեր, թող ասեն, մեծ սիրով կվերահղենք:
Երկրորդ` ԱԺ առաջին նիստի ժամկետի խնդրով հղում է արվում Սահմանադրության եւ Աժ կանոնակարգին, բայց ոչ մեկը չի ուզում հիշել, որ այնտեղ հունիսի 7-ը նշված չէ: Հակառակը, հինգշաբթիների պարզ գումարումը հասցնում է մինչեւ մայիսի 31-ը: Եթե ՀՀ պատկան մարմինը, որն էլ որ լինի, տալիս է կամայական մեկնաբանություն եւ փոխում է ԱԺ առաջին նիստի օրը, թող բարի լինի եւ կատարի պատշաճ ծանուցում այդ մասին: Հարցազրույցները, ասեկոսեները կամ ենթադրությունները ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետությունում պաշտոնական ծանուցման եղանակ չեն: Էլ չենք խոսում մանդատ ստանալու եւ կազմակերպական այլ բացերի մասին: Խնդրի հիմքում դրված է Հայաստան պետության, նրա քաղաքացիների ու հանրային ծառայողների արժանապատվության հրամայականը:
Եվ վերջապես` խորհրդարանական ընտրությունների վավերականության հարցն այսօր հարուցված է Սահմանադրական դատարանում: Հենց իրավագիտությամբ, էթիկայով, այո՛, նաեւ քաղաքագիտությամբ է պայմանավորված «Ժառանգության» քաղաքացիական որոշումը` սպասել Սահմանադրական դատարանի վերջնական վճռին եւ իր վարքով չկանխորոշել այն: Մնացած բոլոր մեկնությունները, դատավորի կեցվածքները, բամբասանքները բնորոշ են «բանանային» հանրապետության, բայց ոչ երբեք մեր երկրին:
