NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրենքից անտեղյակներ ընտրական հանձնաժողովներում
Հունիսի 5-ին Սահմանական դատարանում Հայաստանի Ազգային ժողովի ընտրության արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ըստ էության խոստովանեց, որ ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստման դասընթացների կազմակերպման համար ծախսված 70 միլիոն դրամը փոշիացել է: Գարեգին Ազարյանը հայտարարել է, որ ընտրատեղամասերի արձանագրություններում տեղ գտած իր բնորոշմամբ տեխնիկական, մեխանիկական սխալները, ինչպես նաեւ քվեաթերթիկների համար նախատեսված պարկերը սխալ օգտագործելը հետեւանք է այն իրողության, որ ընտրական հանձնաժողովների անդամները տեղյակ չեն եղել ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Գարեգին Ազարյանից լրագրողները փորձեցին պարզել, թե ինչպես է ստացվել, որ օրենքից անտեղյակներ հայտնվել են բացառապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այս հարցին ի պատասխան նա հայտարարեց, որ օրենքից անտեղյակներ կան նաեւ ԿԸՀ-ում:
