NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեռեւս վաղ է հրաժարական պահանջել
ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը հունիսի 5-ին Փաստարկ ակումբում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Լրագրողները փորձել են պարզել, թե արդյոք Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը չպետք է հրաժարական տա, նկատի ունենալով, որ նրա որդին Գյումրիի փողոցներում իսկական ճակատամարտի մասնակից եւ ինչ որ տեղ նաեւ նախաձեռնող էր դարձել: Գալուստ Սահակյանին հիշեցրել են նաեւ, որ օրինակ երեք տարի առաջ Տրիումֆ սրճարանում որդու մասնակցությամբ կռվից հետո հրաժարական տվեց ՕԵԿ քվոտայով քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնած Արա Արամյանը:
Ըստ Գալուստ Սահակյանի, դեռեւս վաղ է եզրակացություն անել, քանի որ ընթանում է քննություն եւ շատ բաներ դեռ հայտնի չեն: «Ցանկալի է, որ պաշտոնյաները նման միջադեպեր չունենան, դա հասարակության վրա շատ ծանր է ազդում, բայց այսօրվանից ասել, որ քաղաքապետը պետք է հրաժարական տա եւ այլն, դա ճիշտ չէ, ժամանակ է պետք», ասում է Գալուստ Սահակյանը:
