NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իսպանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը: Սա իսպանացի նման պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան, սակայն Միգել Անխել Մորատինոսը ներկայացնում է ԵԱՀԿ-ն: Բայց կողմերը օգտվել են առիթից եւ քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Վարդան Օսկանյանը եւ Միգել Անխել Մորատինոսը արձանագրել են, որ երկկողմ հարաբերություններում կան լուրջ հեռանկարներ:
Հունիսի 5-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Միգել Անխել Մորատինոսը հանդիպեցին լրագրողներին եւ առաջին բանը, որ արեց, լրագրողների միջոցով իր շնորհավորանքները փոխանցեց հայ ժողովրդին հաջող անցած ԱԺ ընտրությունների կապակցությամբ: Միգել Անխել Մորատինոսը համոզված է, որ այս ընտրություններում արձանագրված առաջընթացը կնպաստի դեմոկրատական գործընթացների զարգացմանը եւ ամրապնդմանը եւ որ նույն ոգով կանցնեն նաեւ 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրությունները:
Գլխավոր հարցը, սակայն, որ քննարկել են Վարդան Օսկանյանը եւ Միգել Անխել Մորատինոսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է եղել: Հունիսի 4-ին Բաքվում Միգել Անխել Մորատինոսը հայտարարել էր, թե կողմերը մոտ են հակամարտության կարգավորմանը: Երեւանում նա կրկնեց նույնը, պարզաբանեց: Մոտ են ասելով նկատի ունի թե կողմերը քաղաքական կամք են դրսեւորում: ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրեց, որ պետք է լինել լավատես, հույսեր ունենալ եւ կեղծ կանխատեսումներ չանել:
Միգել Անխել Մորատինոսը եւ Վարդան Օսկանյանը առանձնազրույցի ժամանակ հույս են հայտնել, որ հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում Քոչարյան-Ալիեւ հանդիպումը փոխզիջման ոգով տեղի կունենա եւ «հնարավոր կլինի այդ հանդիպումից հետո լրացուցիչ տեղաշարժ արձանագրել, որը հնարավորություն կբացի առավել արագ տեմպերով առաջ շարժվելու, խնդիր ունենալով հասնել հարցի կարգավորման»: Արդեն ասուլիսի ժամանակ, Վարդան Օսկանյանը ասաց. «եթե նախագահների հանդիպում տեղի ունենում է, նշանակում է համապատասխան հիմքեր կան եւ որովհետեւ վերջնական որոշումները նախագահների մակարդակով են տեղի ունենում ակնկալիքներ միշտ պետք է ունենալ, թե ինչքան հավանականությունը լուրջ առաջընթաց արձանագրելու` ես դժվարանում եմ ասել: Բայց նախագահներին որոշակի հիմք կա որոշում կայացնելու»:
Բացի ՀՀ ղեկավարությունից, Միգել Անխել Մորատինոսը հանդիպելու է նաեւ Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին: Մինչ հանդիպումը նա հայտարարեց, որ «կողմերը պետք է օգտվեն այս կարեւոր պահից, որ տեղաշարժ հաստատվի այս հարաբերությունների մեջ: ԵԱՀԿ պատրաստ է ամեն ինչ անել, հարցի լուծմանը հասնելու հարցում խրախուսելու եւ աջակցելու համար: Բավարար հիմքեր կան, որ առաջ գնան այս հարաբերությունները»: Լրագրողները նկատեցին, որ 1994 թվականին ԵԱՀԿ-ն ընդունել է, որ կա հակամարտության երեք կողմ` Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան, բայց այսօր Ղարաբաղը ներգրավված չէ բանակցություններում: «Բնականաբար հանդիպելու եմ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարեւորը խրախուսել հայ եւ ադրբեջանական կողմերին, որ արագ տեղաշարժ լինի այս հարցի լուծման մեջ եւ կարգավորվի Ղարաբաղի քաղաքացիների իրավիճակը», հայտարարեց Միգել Անխել Մորատինոսը, չասելով, թե հայկական կողմ ասելով ում նկատի ունի` Հայաստան, թե Ղարաբաղ:
Լրագրողները Միգել Անխել Մորատինոսին հիշեցրեցին որ հրադադարի մասին 1995 թվականի փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրի մասին, որը սակայն չի գործում կամ ամբողջությամբ չի գործում. մարտական գործողություններ չկան, բայց շփման գծում զոհեր լինում են: ԵԱՀԿ գործող նախագահը ասաց, թե համաձայնագիրը կյանքի կոչելու լավագույն ձեւը բանակցություններում առաջխաղացումն է:
Իսկ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստանի համար բանակցություններում կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. «առանց այդ ինքնորոշման իրավունքի հաստատմանը, հստակեցմանը եւ դրա ամրագրմանը հետագա փաստաթղթում հնարավոր չէ, որեւէ այլ հարցի մասին խոսել կամ պայմանավորվել: Այդ կոնֆլիկտը սկսվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի պատճառով: Բոլոր մյուս հարցերը հետեւանք են Ադրբեջանի կողմից նախաձեռնված քայլերի. պատերազմի սկզբի, ինքնորոշման խաղաղ կոչերի ճնշմանը ռազմական ճանապարհով»: Վարդան Օսկանյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարելի է որոշել ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելով. «եթե սա ամրագրվում է, մնացած խնդիրները իրենց լուծումները անպայման կգտնեն»:
