Կեղծարարներին պատժելու ծրագիր է պետք

Տարածաշրջանային զարգացման կենտրոն-Թրանսփերենսի Ինթերնեյշնլ Հայաստան հասարակական կազմակերպությունը դիտարկումներ է անցկացրել ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների քարոզչության շրջանում, քվեարկության օրը եւ դրանից հետո: Կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, խախտումներ եղել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը եւ դրանից հետո: Իսկ Հայաստանում ձեւավորված իրավիճակում մեղավորները մնում են անպատիժ եւ կա վախի մթնոլորտ:

Արձանագրված խախտումների առաջացման նպաստել է ոչ կատարյալ օրենսդրությունը, կարծում է Ամալյա Կոստանյանը: Ըստ նրա, դրական է որ ընտրական օրենսդրությունը բարեփոխվել է: Բայց դա բավարար չէ, պետքա է ծրագիր լինի, որի միջոցով հնարավոր կլինի պատժել կեղծարարներին: Քանի դեռ նման ծրագիր չկա, ընտրությունների հարցում առաջընթաց ակնկալել չարժե:

Ամալյա Կոստանյանի կարծիքով, լուրջ խնդիրներ է հարուցում մասնավորաբար թաքնված գովազդը: Թաքնված գովազդ է ինչպես վարչական ռեսուրսի օգտագործումը, այնպես էլ բանակի կազմավորման 15 ամյակի միջոցառումները իրենց օգտին քարոզչության վերածելու հանրապետական կուսակցության փորձերը:

Տարածաշրջանային զարգացման կենտրոն-Թրանսփերենսի Ինթերնեյշնլ Հայաստան հասարակական կազմակերպության տվյալներով հանրապետական կուսակցությունը քարոզարշավի վրա ծախսել է 79.1 միլիոն դրամ, Բարգավաճ Հայաստանը` 129.6 միլիոն: Սա այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգիրքը քարոզչական ծախսերի առավելագույն շեմ է սահմանել 60 միլիոն դրամը: