NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ղարաբաղում որոշվելու է Հայաստանի անվտանգությունը:
Էական կապ չկա Հայաստանի ընտրության եւ Ղարաբաղի կարգավորման միջեւ: Այդպես է կարծում Կովկաս վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը, ով մայիսի 31-ին հյուրընկալվել էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի «Ռադիո-ռեմիքս» հաղորդաշարի ուղիղ եթերին, որը հեռարձակվում է Փալմիրա սրճարանից` «Ռուսկո ռադիո»ի ուղիղ եթերում:
«Գիտեք, եթե կա այսօր սեղանի վրա դրված համաձայնեցված փաստաթուղթ, Դուք պետք է այսօր դա ընդունեք, ապա կարելի է խոսել դրա մասին: Բայց գոյություն չունի նման բան: Եթե անգամ կամ երկու, կամ ոնց որ ասում են` մեկ խնդիր համաձայնեցված չէ, կարելի է ասել, որ ոչ մի բան համաձայնեցված չէ, այլ ընդամենը դիվանագիտական խաղ է այդ ամենը: Ես ընդհանրապես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է նման բանի: Հայկական կողմը անընդհատ հավատ ունի, որ կարելի է գնալ եւ համաձայնեցնել այս կամ այն նախագծի հետ: Բայց դա ընդամենը հայկական կողմի կարծիքն է: Գուցե հավատ կա, բայց չի երեւում, որ Ադրբեջանը համաձայն է», ասում է փորձագետը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցը չլուծելով իշխանությունը պահելու մասին դիտարկմանը, ըստ որի, կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հարցը չի լուծում, որպեսզի պահի իշխանությունը, ապա Մանվել Սարգսյանն ասում է, որ դա միարժեք չէ: Կարելի է իշխանությունը պահել նաեւ Ղարաբաղի հարցը լուծելու միջոցով, քանի որ խնդիրը մոտեցումն է: «Այսօր շատ է խոսվում, որ նոր իշխանությունը պետք է լինեն մարդիկ, որոնք որ պատերազմ են անցել, բանակի շինարարությանն են մասնակցել: Տեսեք, նման ձեւով եկած իշխանությունն անընդհատ կուզենա հակամարտություն, պատերազմ: Եթե իշխանության են գալիս օրենքի, օրինականություն հաստատելու, Սահմանադրության տիրապետություն հաստատելու կարգախոսներով, այդ իշխանությանը պետք չէ հակամարտություն եւ պատերազմ», ասում է Մանվել Սարգսյանը:
Իսկ Ղարաբաղի նախագահի ընտրության կապը կարգավորման բանակցային գործընթացի հետ, Մանվել Սարգսյանի խոսքով, հստակ է: «Ես կարծում եմ իհարկե, ճիշտ ընտրությունը, լավ ընտրությունը շատ մեծ ազդեցություն կունենա Ղարաբաղի միջազգային հեղինակության վրա: Եվ մյուսը, գիտեք ինչը, շատ է խոսվում այն մասին, որ Ղարաբաղը 8 կամ 10 տարի չի մասնակցում բանակցություններին: Դա կախված է տվյալ երկրի կամքից նույնպես: Շատ են խոսում, որ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են մեղավոր: Ես գտնում եմ, որ եթե Ղարաբաղն իրեն դրսեւորեր մի քիչ այլ ձեւով, այդ ժամանակ անպայման սեղանի շուրջ նստակ լիներ: Այդ ինչպես եղավ, որ մինչեւ 1994-95 թվականներին Ղարաբաղը նստած էր բանակցությունների սեղանին», ասում է Մանվել Սարգսյանը: Նա ընդգծում է, որ Ղարաբաղը պետք է դառնա ինքն իր քաղաքական խնդիրների տերը:
«Այսօր Ղարաբաղը ոչ մի քաղաքական խնդրի տեր չէ», ասում է փորձագետը:
Նրա կարծիքով, եթե Ղարաբաղի նոր նախագահն իրեն դրսեւորի որպես նախագահ, ամեն ինչ կփոխվի: «Եթե նա նույնպես շարունակի այն, ինչ հիմա է, ապա ամեն ինչ մնալու է նույնը», ասում է Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է հետաքրքրություն ցուցաբերի, դրական միջամտությամբ հանդես գա Ղարաբաղի նախագահի ընտրությանը, որովհետեւ Ղարաբաղի նախագահի ընտրությունը դա Հայաստանի անվտանգության խնդիրն է: «Դա շատ ավելի էական հարց է, քան ուղղակի 150 հարազ մարդ նախագահ են ընտրում: Դա մեկ: Այսինքն դա Հայաստանի անվտանգության խնդիրն է: Երկրորդը, ես ընդգծեցի հասարակությանը, որ հասարակությունը պետք է իսկապես տեր կանգնի, աջակցի եւ հետաքրքրվի այդ ընտրություններով, որ այնտեղ նորմալ պայմաններում տեղի ունենա ամեն ինչ: Եվ դա հետո շատ լավ կանդրադառնա Հայաստանի հասարակության վրա», ասում է Մանվել Սարգսյանը:
