NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անսպասելի քայլեր սահմանադրության շրջանակում
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 30-ին Փաստարկ ակումբում հանդիպել է լրագրողների հետ եւ ներկայացրել իր գնահատականը մայիսի 12-ի ընտրության եւ հետընտրական շրջանի վերաբերյալ: «Մենք ունեցանք մի պարադոքսալ վիճակ: Մի կուսակցություն, որն իմ հաշվարկով 200 հազար մարդուց ավելի ձայն չէր տարել, ընդ որում, երբ ես ասում եմ 200 հազար, շատերը նեղանում են, ասում են, այդ ձայներն էլ չունեն: 2 մլն 200 հազարից 200 ձայն վերցնելով, իրենք ունեցան մոնոպոլ իշխանություն Հայաստանում: Այդպսի բան աշխարհում տեղի չի ունեցել», ասում է Վազգեն Մանուկյանը, ինչը Հայաստանի համար համարում է սարսափելի:
Վազգեն Մանուկյանն ու ասում, թե բոլորը հասկանում են, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը փաստացի ժամանակավոր է, քանի որ մի քանի ամիս անց նախագահի ընտրություն է: «Այսինքն հիմա ժամանակավոր կառավարություն է եւ ընդհանրապես զարմանալի է, որ մարդիկ ուզում են աշխատել այդ ժամանակավոր կառավարությունում: Իսկ ինչն է Սերժ Սարգսյանի նպատակը: Ինքը կարող էր ոչ մեկին էլ պորտֆել չտալ: Ինչու է տալիս: Որովհետեւ առջեում նախագահական ընտրություններն են», ասում է Վազգեն Մանուկյանը: Եթե Սերժ Սարգսյանն ընտրվի նախագահ, ապա Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, դա կլինի մի մոնոպոլ իշխանություն, որի նմանը Հայաստանում դեռ չի եղել, կլինի նույն վիճակը, նույն կեղծիքները, կոռուպցին, նույն անհեթեթ պետություն: «Եվ միայն մի ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձրեք: Դրանից հետո, Անդրկովկասում ինչ պատկեր է ստեղծվում: Ալիեւ, որը ծնվել է Ադրբեջանի թագավորի ընտանիքում, որի հայրը եղել է քաղբյուրոյի անդամ, մարդ, որը ավարտել է ՄԳԻՄՕ, որը աշխարհում պտտված բազմաթիվ կապեր ունի: Սահակաշվիլի, որը միջազգային կապեր ունի, միջազգային կրթություն է ստացել, եւ երեկոյան բանասիրական ավարտած Սերժ Սարգսյան: Ու իրենք իրար հետ բանակցություննե՞ր են վարելու: Իրար հավասա՞ր են զգալու, եւ իրար հետ խոսելու՞ են: Ես գտնում եմ, որ անհեթեթություն է դա: Ես գտնում եմ, որ նրանք, ովքեր քվեարկելու են Սերժ Սարգսյանի համար, նրանք քվեարկելու են պատերազմի համար, որովհետեւ այդ պետության շարունակությունը, երբ օրեցօր Ադրբեջանն ուժեղանում է, իսկ մեր քայլերը միշտ հետ են ընկնում Ադրբեջանից, դա նշանակում է դիմացինին դրդել պատերազմի: Քվեարկել Սերժ Սարգսյանին, դա նշանակում է քվեարկել ի օգուտ պատերազմի: Ես դրանում համոզված եմ խորը», ասում է ԱԺՄ նախագահը:
«Եթե մենք միասնականի նման մի թեկնածույով չգնանք ընտրությունների 2008 թվականի, ապա ոչ ժողովրդին հնարավոր կլինի համախմբել, ոչ կազմակերպել տեղերում, որպեսզի կեղծիքները մինիմումի հասցվեն, ոչ էլ հնարավոր կլինի հաղթել», նախագահի ընտրությանն ընդդիմության մասնակցության մասին հայտարարել է ԱԺՄ նախագահը: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ եթե բոլորը համախմբվեն, ում էլ միասնական թեկնածու համարեն, ապա նա կանցնի: Այդպես չէ: Ամեն մի միասնական թեկնածու չէ, որը կարող է հաղթել, ամեն մի թեկնածու չէ, որի շուրջը համախմբվելը մյուսների համար ստորացուցիչ չէ, եւ ամբիցիաներին շատ հիվանդագին չի վերաբերի: Եվ ամեն մի միասնական թեկնածու չէ, որը հաղթանակից հետո կկարողանա, հաղթանակից հետո առանց ջարդուփշուր անելու պետությունը, այս բարդ իրավիճակում նուրբ ձեւերով կարողանա իրականացնել երկրի կառավարումը», ասում է Վազգեն Մանուկյանը: Նա չի թաքցնում, որ ինքն իրեն համարում է միասնական հաղթող թեկնածու եւ դեռ ընտրությունից հայտարարել է, որ միայն ինքը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին: ԱԺՄ նախագահը նաեւ չի թաքցնում, որ ներկայումս առաջդրվելու մասին հայտարարած գործիչների մեջ միասնական հարմար թեկնածու չի տեսնում: Սակայն նա ասում է, որ չնայած իրեն համարում է միասնական հարմար թեկնածու, չի տեսնում մեկին, որի համար ինքը զիջի իր թեկնածությունը, բայց ընդգծում է` «Ես ցանկացած քայլի, ցանկացած անսպասելի քայլի ել կդիմեմ միայն նրա համար, որպեսզի իշխանությունը նախագահական ընտրությունների ժամանակ փոխվի Հայաստանում»: ԱԺՄ նախագահը սակայն նշում է, թե անսպասելիությունը դուր չի լինի սահմանադրական շրջանակից:
