NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
2007թ-ի մայիսի 28-ի գիշերը ժամը 02:30 – 03:00 սահմաններում իրականացվել է
ահաբեկչություն թիվ 31 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված
Լ.Փարեմուզյանի նկատմամբ:
Ավտոմեքենայի անվադողը հեղուկ վառելիքով այրման միջոցով փորձել են հրդեհել նրա
բնակարանը: Դեպքը կատարվել է այն բանից հետո, երբ Լ.Փարեմուզյանը թիվ 31
ընտրատարածքում ընտրախախտումների վերաբերյալ /ընտրությունների արդյունքում հաղթող է
ճանաչվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Սարիբեկյանը/ հաղորդում է ներկայացրել
Լոռու մարզի դատախազություն /տես «Առավոտ» թերթի 2007թ. մայիսի 18 –ի «Միայն մեկ
ընտրատարածքում՝ 3807 + 2852 անճշտություն» վերտառությամբ հոդվածը /:
Ահաբեկչության փաստից երեք օր առաջ Լ.Փարեմուզյանը և թիվ 31 ընտրատարածքային
հանձնաժողովի նախագահ Վ. Վանյանը Լոռու մարզի դատախազու-թյունում բացատրություն են
տվել հաղոդման վերաբերյալ: Լ.Փարեմուզյանը վերստին պնդել է իր հաղորդման մեջ
ներկայացրած պահանջը: Այն է՝ ստուգել տեղամասերի արդյունքները և վերանայել
ընտրության արդյունքները:
Ոստիկանության Ալավերդու բաժինը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 185 հոդվածի
երկրորդ կետի երկրորդ մասով /գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել՝
հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով/:
Քանի որ Լ. Փարեմուզյանը բացի հասարակական, քաղաքական գործունեությունից որևէ այլ
գործունեությամբ չի զբաղվում և չունի անձնական բնույթի այլ խնդիրներ այլ մարդկանց
հետ, տեղի ունեցածը ուղղակիորեն գնահատում ենք որպես միայն ընտրական կեղծիքների
բացահայտման ուղղությամբ ԱԺ պատգամավորության նախկին թեկնածուի գործողությունների
նկատմամբ ահաբեկչություն:
Իրականացված ահաբեկչական գործողությունը տեղավորվում է հանրապետությունում
ձևավորված վախի և անպատժելիության մթնոլորտի տրամաբանության մեջ և նպատակ ունի
ամրապնդել նման մթնոլորտի ձևավորումը նաև ընտրական խախտումների դեմ պպայքարողների
նկատմամբ:
Գտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները լիովին պատասխանատվություն են կրում ոչ
միայն ահաբեկչությունը կատարած, այլև գործողությունը կազմակերպած և հրահրած անձանց
բացահայտելու համար:
Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բոլոր միջոցները ձեռք կառնեն ապահովելու ոչ
միայն Լ.Փարեմուզյան անձի անվտանգությունը, այլև կանխելու վախի մթնոլորտը և ազատ
խոսքի նկատմամբ ահաբեկչությունը:
Առանց կարծիքի արտահայտման ազատության իրական երաշխիքների և իրավապահ մարմինների
կողմից անպատժելիության մթնոլորտի վերացման անհնար է պատկերացնել ժողովրդավարության
ձևավորումը և իրավական պետության կայացումը:
