NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հատուկ դպրոցների երեխաները մնում են բախտի քմահաճույքին
2007 թվականի մայիսի 22-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատակազմի աշխատակիցները այցելեցին Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 3 հատուկ դպրոց, տեղեկացնում է ՀՀ օմբուդսմենի գրասենյակը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները դպրոցի տնօրենից տեղեկացել են, որ դպրոցի տարածքում բնակություն է հաստատել 5 ընտանիք, որոնցից 3-ը` երկրաշարժի հետևանքով անօթեւան մնալու, իսկ մյուս 2-ը` ուղղակի բնակության այլ վայր չունենալու պատճառով: Ըստ տնօրենի` դպրոցի տարածքում բնակվելը բացասաբար է անդրադառնում դպրոցի ընդհանուր կրթական գործընթացի վրա, քանի որ նրանց ոչ մաքրակենցաղ լինելը հանգեցնում է դպրոցի հիգիենիկ պայմանների վատթարացմանը:
Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները ցանկացել են սակայն չեն կարողացել ուսումնասիրեցիներեխաների գիշերելու համար նախատեսված տարածքը, որը անօրինական կարգով ապաստանածների սենյակի կողքին գտնվելու պատճառով փակի տակ է եղել: Դպրոցի տնօրենը պարզաբանել է, որ ստիպված են դա անել եւ նույն կերպ ու նույն պատճառով փակի տակ է նաեւ սանհանգույցը, որից երեխաներն օգտվում են դաստիարակի ուղեկցությամբ: Քաղաքացիների կողմից օգտագործվող սանհնագույցը վատթար եւ հակահիգիենիկ վիճակում է, որի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում էական վնաս է հասցվել հարեւանությամբ գտնվող թիվ 8 հատուկ դպրոցին պատկանող դահլիճին:
Դպրոցում սովորում է 197 երեխա, որոնցից 60-ը` գիշերելու պայմանով: Դպրոցի ղեկավարությունը համոզված է, որ ՀՀ կառավարության 2005թ. թիվ 1646-Ն որոշումը, որի համաձայն հատուկ դպրոցները պետք է վերածվեն հանրակրթականի, էապես վտնագելու է գիշերօթիկում ապաստանածների ճակատագիրը: Երեխաները գիշերօթիկում կրթություն են ստանում մինչև 8-րդ դասարան, որից հետո, ըստ էության, թողնվում են բախտի քմահաճույքին, քանի որ խնդրի պատշաճ իրավական կարգավորումը բացակայում է, իսկ կառավարության կողմից ընդունված վերոհիշյալ որոշման արդյունքում առավելագույնս կբարդանա իրավիճակը:
