ՀԺԿ -ականը քաղաքական հետապնդման զոհ

ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանը, ով նախօրեին ենթարկվել էր ահաբեկության, քաղաքական հետապնդման եւ հաշվեհարդարի փորձի զոհ է: Այդ մասին մայիսի 24-ին հայտարարել է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը: «Դա մահափորձ է, դա քաղաքական հաշվեհարդար է: Սա միանշանակ է եւ դա մեր գնահատականն է», մայիսի 29-ին Փաստարկ ակումբում հայտարարել է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը:

Լարիսա Փարեմուզյանը թիվ 31 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր եւ պաշտոնական տվյալով պարտվել է իր մրցակից Կարեն Սարիբեկյանին (ՀՀԿ թեկնածու): Փարեմուզյանը բողոքարկել էր ընտրության արդյունքը եւ դրա շնորհիվ դատախազությունը պահանջել էր վերահաշվարկ կատարել մի քանի տեղամասում, որի արդյունքում պարզվել էր, որ անճշտությունների թիվը հասնում է մոտ 6000-ի: ՀԺԿ քաղխորհրդի անդամն ասում է, որ կուսակցության ներկայացուցչին ահաբեկում են հենց այն հետեւողականության համար, որով նա պայքարում է ընտրական արդարությունը վերականգնելու համար: Ռուզան Խաչատրյանը հայտարարել է, որ եթե իշխանությունն արագ չբացահայտի, թե ով է կանգնած այդ ամենի հետեւմ, ուրեմն կրում է դրա ուղղակի պատասխանատվությունը: ՀԺԿ քաղխորհրդի անդամը նաեւ ասել է, որ կուսակցության հանդեպ այդօրինակ գործողությունները կարող են հաճախակիանալ, քանի որ ՀԺԿ անդամներն իրենց ձեռքի տակ եղած նյութերով դիմում են իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտվեն մայիսի 12-ի ընտրությանը տեղի ունեցած կեղծիքներն ու խախտումները, որոնք Հայաստանում ձեւավորել են հերթական ոչ լեգիտիմ խորհրդարանը: