Ընտրված իշխանության հզորությունը շատ մեծ է

ԼՂՀ նախագահի ընտրությունները ոչ միայն Ղարաբաղի գործն ու հարցն է, այլ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր: Այս պահին ընտրապայքարը նորմալ է ընթանում, բայց կան որոշ մտահոգություններ, որ ծնվում են «վարչախմբի դիրքորոշումից: Հայաստանը չպետք է միջամտի Ղարաբաղի նախագահի ընտրություններին բայց նաեւ չպետք է պարզապես կողքից նայի` պետք է ակտիվ հետաքրքրությունը ցուցաբերեն ՀՀ բոլոր 3 միլիոն քաղաքացիները, մայիսի 25-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Կովկաս» կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Մանվել Սարգսյանի նշած մտահոգություններից մեկը. «նոր նախագահը կարդային փոփոխություններ է անելու: Որոշ մարդիկ վախենում են պաշտոնը կորցնել»:

ԼՂՀ նախագահի պաշտոնի համար առաջադրվել են հինգ հոգի, սովորաբար լինում են ձեւական առաջադրումներ: Սա նկատի ունենալով, Մանվել Սարգսյանը ասաց, թե ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի, ԼՂՀ բանակի նախկին սպա Արմեն Աբգարյանի եւ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանի առաջադրումները թույլ են տալիս ասել, որ իրական այլընտրանք կա. «մեկ խնդիր կա, որ պայմանները ապահովվեն, հասարակությունը ակտիվ լինի, միանա այս կարեւորագույն պրոցեսին: Անթույլատրելի է լուրջ պրոցեսներ անցկացնել առանց հասարակության: Չի կարելի ամեն ինչ թողնել չինովնիկների եւ բանակի քմահաճույքին»:

Ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում չկա իշխանություն-հասարակություն ջրբաժան, սակայն, Ղարաբաղի իշխանությունները պարտաստ չեն այլընտրանքով ընտրությունների եւ առանձնապես ուրախ չեն, որ նապագահի թեկնածու է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը. «ես ուզում եմ որ ընտրություն լինի, ով կընտրվի` կընտրվի: Ընտրված իշխանության հզորությունը շատ մեծ է: Արթուր Մկրտչյանը ընտրված էր եւ նրա մոտ ողջ աշխարհից մարդիկ եկան: Արկադի Ղուկասյանին դարձրեցին նախագահ եւ նրա անունը երկու տարի ոչ ոք չգիտեր»:

Բանախոսը չի կարծում, թե Ղարաբաղի չինովնիկները ավելի որակով են քան Հայաստանի չինովնիկները, ոմանք նույնիսկ անորակ են, սակայն Ղարաբաղի չճանաչվածությունը զսպող դեր է խաղում. «չինովնիկը իր վրա պատասխանատվություն չի վերցնի, որ հետո ասեն, քո պատճառով մեր երկիրը տապալվեց կամ պատերազմ կսկսվի»: Բայց Ղարաբաղում նկատվում է կոլեկտիվների «խորհրդային ավանդույթներով ձեւական հայտարարություններ, թե պաշտպանում ենք միասնական թեկնածուին: Ընտրությունների ժամանակ միասնությունը ո՞րն է: Իրականությունը լրիվ ուրիշ է եւ սա մի միտում է, որը պետք խոչընդոտի իրական այլընտրանքով ընտրությունների անցկացումը: Հուսով եմ, որ հասարակությունը կստեղծի մի վիճակ եւ այդ ամենը չի ստվերի ընտրությունները»:

«Կովկաս» կենտրոնի փորձագետի կարծիքով, 1994 թվականից առայսօր ոչ մի բան չի փոխվել Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, նորություն չկա նաեւ համանախագահների մեկ օր առաջ Երեւան կատարած այցի մեջ: Բայց կա քաղաքական ենթատեքստ. «անընդհատ ասում էին մայիսի 12-ից հետո համանախագահները կգան, հունիսին կլինի նախագահների հանդիպում, բայց համանախագահներից երկուս եկան, մեկը` ոչ, անլրջություն ցույց տվեցին, Ղարաբաղ չգնացին: Կարծես թե իրենք ցույց տվեցին, որ ընտրությունների ժամանակ այս հարցը չի խաղարկվի: Մի գուցե դա շատ լավ է»:

Ղարաբաղը կարգավորման բանակցություններին չի մասնակցում, որովհետեւ «ոչ ոք չի ուզում, որ նա մասնակցի»: Միջազգային հանրության համար բանակցությունների ֆորմատը նշանակություն չունի եւ եթե Հայաստանը չգնա բանակցությունների, ապա Ադրբեջանը ստիպված կբանակցի Ղարաբաղի հետ: Հրադադարի հաստատումից հետո` 1994 թվականին 6-7 ամիս բանակցությունները եռակողմ էին` Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան, հիշեցրեց Մանվել Սարգսյանը: «Ղարաբաղը պետք է քաղաքական խնդիրների տեր լինի, բայց այդ խնդիրները դու պետք է զիջես իրեն, եթե Հայաստանը չի զիջում եւ վերցնում է իր վրա, Ադրբեջանը ուրախությամբ գալիս քո հետ է բանակցում: Մի խնդիր է Հայաստանի հետ տարածքային վեճը, այլ` Ղարաբաղի հետ: Հայաստանի հետ տարածքային վեճում նա ամիջապես սիմետրիկ խնդիր է դնում, դու այսքան ես վերցրել` ես այսքան», հայտարարեց Մանվել Սարգսյանը: