Ընտրական հանձնաժողովի 9 անդամի մեղադրանք է առաջադրվել

Արագածոտն մարզի դատախազությունում ավարտվել է քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում թիվ 15 ընտրատարածքի 16 տեղամասային ընտրական հանձնաժողովի 9 անդամների առաջադրվել է մեղադրանք, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ավարտից հետո, թիվ 15-րդ ընտրատարածքի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող թիվ 16-րդ տեղամասյին ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն էլոյանը համամասնական ընտրակարգով ընտրությունների ձայները հաշվելիս, անձնական շահագրգռվածությունից ելնելով, մի շարք կուսակցությունների օգտին օրինական քվեարկած, ընդհանուր թվով 92 հատ քվեաթերթիկները դրել է Բարգավաճ Հայաստան, Դաշինք, Հայաստանի Հանրապետական, Հայաստանի ժողովրդական, Միավորված աշխատանքային եւ Օրինաց երկիր կուսակցությունների օգտին քվեարկած եւ հաշվարկած քվեաթերթիկների վրա: Ապա մարված թվով 91 հատ քվեաթերթիկներից 21 քվեաթերթիկի վրա նշում է կատարել Միավորված աշխատանքային կուսակցության, 20 քվեաթերթիկի վրա Օրինաց երկիր կուսակցության, 12 քվեաթերթիկի վրա Դաշինք կուսակցության, 38 քվեաթերթիկի վրա Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին եւ դրանք դրել է օրինական քվեարկած քվեաթերթիկների մեջ` ըստ կուսակցությունների:

Վերոհիշյալ արարքները կատարելով հանդերձ, Ա.Էլոյանը, համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփելիս, ձայներն ակնհայտ սխալ է հաշվել եւ դրանք թելադրել նույն հանձնաժողովի քարտուղար Գյուլնարա Գրիգորյանին, որն էլ, գիտակցելով այդ թվերի ակնհայտ կեղծ լինելը, դրանք նույնությամբ լրացրել է ամփոփիչ արձանագրության մեջ, որից հետո ինչպես Ա.Էլոյանը եւ Գ.Գրիգորյանը, այնպես էլ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հումբերտ Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Վասիլ Ենոքյանը, Սարո Պետրոսյանը, Մանվել Շահինյանը, Մագթաղ Քյարիմյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Գարիկ Աբգարյանը ամփոփիչ արձանագրությունն ակնհայտ սխալ տվյալներով են հաստատել, դրանով իսկ կեղծելով քվեարկության արդյունքները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. էլոյանին, Գ.Գրիգորյանին, Վ.Ենոքյանին, Ս.Պետրոսյանին, Մ.Շահինյանին, Մ.Քյարիմյանին, Դ.Գեւորգյանին, Գ.Աբգարյանին, Հ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով: