Հանդիպել են Ալեքսանդր Արզումանյանի հետ

Մայիսի 18- ին Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով կալանավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ` տեղեկանալու քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին, կալանավորների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին, լսելու եւ արձանագրելու նրանց գանգատները:

Ա. Արզումանյանը պահման պայմաններից, վարչակազմի վերաբերմունքից դժգոհություններ չունի, դժգոհում է գործի քննությունից, համաձայն չէ իր նկատմամբ եղած մեղադրանքի հետ, եւ անհիմն է համարում իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:

Ա. Արզումանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի կողմից դեռեւս չի լսվել:

Ա. Արզումանյանին բացատրվել է, որ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու մեղադրանքի հիմքում դրված ապացույցների գնահատման հարցերին, Պաշտպանը հետևում է քրեական գործի քննության ընթացքին և արձագանքելու է Ա. Արզումանյանի դատավարական իրավունքների ցանկացած խախտմանը, հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: