NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գործում չկան ապացույցներ
Մայիսի 17-ին Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, թե Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ անհեթեթ: Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` փողերի լվացում: Ալեքսանդր Արզումանյանին նման մեղադրանք առաջադրելու համար իրավապահները հիմք են ընդունել Ռուսաստանից Ալեքսանդր Արզումանյանին ուղարկված կամ ուղարկվելիք փողը: Փաստաբանի խոսքով, նախ պետք է պարզել, թե Ալեքսանդր Արզումանյանի տնից խուզարկությամբ առգրավված փողը հենց Ռուսաստանից ուղարկված է, թե ոչ, հետո պարզել, թե դրանք իսկապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտ է եւ վերջապես պարզել` Ալեքսանդր Արզումանյանը գիտե՞ր, որ իրեն ուղարկված փողը հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել: Ալեքսանդր Արզումանյանի կալանքից հետո հայտարարվել է, որ Ռուսաստանից գումարներ էին ուղարկվելու Երեւանում օրակարգային, արդիական թեմաների վերաբերյալ կլոր սեղաններ, հանրային քննարկումներ կազմակերպելու համար: «Իրավունք չունե՞նք քաղաքացիական հասարակություն ունենալ», հարցնում է փաստաբան Հովիկ Արսենյանը: Կամ եթե փողերը իսկապես հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել, ապա դա արվել է Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում: «Փողերի լվացման մասին են խոսում: Օրեր առաջ մի քանի միլիոն պարզաջրեցին», ԱԺ ընտրությունները նկատի ունենալով, հայտարարեց Հովիկ Արսենյանը:
Փաստաբանի համար տարօրինակ է նաեւ խափանման միջոցի ընտրությունը: Նախքան կալանավորվելը Ալեքսանդր Արզումանյանը հրավիրվել է ԱԱԾ եւ գնացել, այնպես որ քննությանը խոչընդոտելու եւ խանգարելու ցանկություն չի ունեցել: Հովիկ Արսենյանի խոսքով, իշխանությունները ընդամենը փորձում են Ալեքսանդր Արզումանյանին ինչ-որ կերպ կապել Հայաստանում հետախուզման մեջ գտնվող գործարար Լեւոն Մարկոսին: Սա էլ զարմանալի է այնքանով, որ ըստ լուրերի, մեր իշխանավորները եւ մասնավորաբար իրավապահները շատ լավ էլ գիտեն, որ Լեւոն Մարկոսը Մոսկվայում է եւ անգամ կան իշխանավորներ, որ նրան պարբերաբար հանդիպում են:
Հովիկ Արսենյանը վստահ է, որ գործում չկան Ալեքսանդր Արզումանյանի մեղքը ապացուցող փաստեր, իսկ ՀՀ քաղաքացին պետք է ունենա «ապրելու, աշխատելու երաշխիքներ, ՀՀ քաղաքացին պետք է պաշտպանված լինի»:
