NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքի հայտարությունը
«2007 թվականի մայիսի 7-ին ուշ գիշերին ձերբակալվեց Ալեքսանդր Արզումանյանը: Նա պահվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բանտախցում` փողի լվացման մեղադրանքով:
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ալեքսանդր Արզումանյանին կամ լսել են նրա մասին, գիտեն, որ քրեական մեղադրանքը անհեթեթ է եւ որ նրա ձերբակալությունը ներկա իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող բնռությունների, ահաբեկման, կաշառակերության եւ վարչական ռեսուրսների չարաշահման գործելակերպի դրսեւորումներից է եւ նպատակ ունի ճնշել ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները Հայաստանում:
Ալեքսանդր Արզումանյանը հայտնի է իր համարձակությամբ եւ անկաշառությամբ, երբ դեռ երիտասարդ հասակում միացավ անկախ, ժողովրդավարական Հայաստանի համար մղվող պայքարին, երբ ծառայում էր Հայաստանի Հանրապետությանը որպես երկրի առաջին դեսպան ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար 1996 թվականին եւ երբ հրաժարական տվեց այդ պաշտոնից 1998 թվականին` երբ իշխանության եկավ ներկա կառավարությունը:
Այդ պահից ի վեր նա ակտիվորեն, օրինական քայլերով ընդդիմանում է այս վարչակարգին: Նրան հնարավոր չէ գնել, նրան հնարավոր չէ ահաբեկել: Նա շարունակում է աշխատել, շարունակում է խոսել նաեւ այն բանից հետո, երբ մեր տունը խուզարկության ենթարկվեց մայիսի 5-ին, մինչեւ նրան ձերբակալեցին մայիսի 7-ին մեր շքամուտքի մոտ:
Այսօր մենք խնդրում ենք Ալեքսանդր Արզումանյանի ընկերներին եւ գործընկերներին Հայաստանում եւ արտասահմանում, խնդրում ենք նրանց, ովքեր միգուցե առաջին անգամ են լսում նրա անունը, ծանոթանալ այս գործին` մեր միջոցով, մամուլից, իշխանություններից: Միացեք Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքին եւ նրա ընկերներին` հասնելու այս հարցի արդարացի լուծմանը: Իմացեք, որ Ալեքսանդր Արզումանյանը միշտ էլ գործել է ի շահ իր Հայրենիքի, եւ եթե այսօր դա պատահեց մեր ընտանիքի հետ, վաղը նույնը կարող է պատահել նաեւ ձեր ընտանիքի հետ:
Թող Հայաստանի իշխանությունները եւ ժողովուրդը իմանան, որ դուք հետեւում եք այս գործին, անհանգստացած եք եւ մտահոգված դրանով:
Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին»:
