NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ահարոն Ադիբեկյանը արդարացնում է հանրապետական կուսակցությանը
Մայիսի 14-ին «Ուրբաթ» ակումբում խոսելով կուսակցությունների ստացած ձայների
մասին, Անարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ եւ հանրապետական եւ ՀՅԴ
կուսակցությունները ստացել են ավելի քվեներ, քան կանխատեսվում էր: Իշխանական այս
կուսակցությունները ձայներ են տարել հիմնականում Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր
կուսակցություններից, կարծում է սոցիոլոգը եւ ցավում, որ փոշիացել է իր
կանխատեսածիւց ավելի ձայն. « Ես կանխատեսում էի, որ կփոշիանա ձայների առավելագույնը
10 տոկոսը, բայց փոշիացել է 25-ը: Դա շատ է»:
Հանրապետական կուսակցության հաջողության պատճառը, ըստ սոցիոլոգի` ՏԻՄ ղեկավարների
80 տոկոսը հանրապետականներ են, ինչը կազմակերպչական ռեսուրս է, վարչական չէ.
վարչական կլիներ եթե որեւէ այլ պաշտոնյա պարտադրեր իր ենթականերին, եթե վարչական
ռեսուրսը օգտագործվեր, ապա հանրապետականը մեծամասնական 41 ընտրատարածքներից 8-ում
չէր պարտվի, տրամաբանում է Ահարոն Ադիբեկյանը: Ստացվում է, որ հանրապետականները 80
տոկոս ՏԻՄ ղեկավարներ ունենալու պարագայում հաղթել են մեծամասնական ընտրատարածքների
հենց 80 տոկոսում: Այս համընկնումը Ահանոր Ադիբեկյանը այստեղ տրամաբանություն եւ
վարչական ռեսուրսի օգտագործում չի տեսնում:
Քիչ անց նույն Ահանոր Ադիբեկյանը պնդում է, որ հնչակյան, կոմունիստական,
մարքսիստական կուսակցությունները ստացել են ավելի քիչ ձայն քան ունեն անդամներ,
որովհետեւ «մարդկանց ահաբեկել են, վախեցրել են, ձայնը վաճառել է»: Սոցիոլոգի
կարծիքով կեղծիքներ, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի օգտագործում եղել է, բայց
ոչ այնքան, որ ազդեր ընտրությունների վրա:
Ընտրությունների ելքը ճիշտ կանխատեսած սոցիոլոգը սակայն ուրախ չէ, որ ունենալու ենք
այսպիսի խորհրդարան` «անհամ բան է լինելու: Ճիշտ կլիներ, եթե ԱԺ-ում լիներին 8-9
կուսակցություն, ոչ թե 5»: Եթե ԲՀԿ, ՀՀԿ եւ ՀՅԴ կոալիցիա կազմեն ապա կունենան
որակյալ մեծամասնություն եւ ընդդիմադիրների գալ-չգալը նշանակություն չի ունենա: Սա
նկատի ունենալով Ահարոն Ադիբեկյանը չի բացառում հայկական «անհամությունը» տեղաշարժը
եվրոպական կառույցներ, քանի որ չի բացառվում, որ եվրոպական կառույցներում մեր
խորհրդարանի ոչ բոլոր պատվիրակություններում կամ ներկայացուցչություններում լինեն
ընդդիմության ներկայացուցիչներ:
Ընտրությունները կեղծված լինելու մասին ընդդիմադիր ուժերի հայտարարությունները
Ահարոն Ադիբեկյանը համարում է ճվճվոց եւ ժողովրդավարական երկրին հարիր դրսեւորում:
Նույն բանը երկու օր առաջ ասել էր հանրապետականների առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ինչու
եք կրկնում Սերժ Սարգսյանի կարծիքը, հարցրեցինք Ահարոն Ադիբեկյանին: «Բա ի՞նչ ասեմ»,
պատասխանեց նա:
