NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԺԿ-ն պայքարելու է, իսկ թե ինչպես, կքննարկի
Ազգային Ժողովի մայիսի 12-ի ընտրությունն ազատ ու արդար չէ եւ չի արտահայտում ժողովրդի կամքը: Այդ գնահատականը մայիսի 14-ին տվել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա ասել է, որ իշխանությունն այդպիսով փորձել է լուծել երկու խնդիր, ՀԺԿ-ին թույլ չտալ մտնել խորհրդարան, եւ նաեւ թուլացնել նախագահի 2008 թվականի թեկնածուներին: Ինչ վերաբերում է իր թեկնածությանը, ապա Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ առայժմ չի մտածում դրա մասին: Նա ասել է, որ ՀԺԿ-ն պաքարելու է խորհրդարանի ընտրության արդյունքի համար եւ ամեն ինչ անելու է արդարության հասնելու համար: Կոնկրետ քայլեր ՀԺԿ նախագահի չի նշել, միայն ասել է, որ հանրահավաքները կուսակցության համար ինքնանպատակ չեն եւ կլինեն միայն հասարակական պահանջի դեպքում:
ՀԺԿ նախագահը հայտարարել է, որ իր համար հասկանալի է նաեւ միջազգային դիտորդների գնահատականը, որոնք ընտրությունները համարել են քայլ առաջ եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ առաջին անգամ չէ, երբ դիտորդները աշխարհքաղաքական շահը բարձր են դասում ժողովրդավարությունից: Մյուս կողմից ՀԺԿ նախագահը ընդգծել է, որ դիտորդները կարող էին նաեւ չնկատել խախտումները, քանի որ դրանք չեն եղել առերեւույթ: ՀԺԿ նախագահի խոսքով, Հայաստանում գրանցվել է առաջընթաց, բայց ընտրակաշառքի բաժանման գծով:
