Ընտրողների վերջնական թիվը կազմում է 2 միլիոն 285 հազար 830 քաղաքացի

Մայիսի 10-ին Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Արարատ Մահտեսյանը եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ,
ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը ներկայացրել են ոստիկանության կատարած
աշխատանքի ամփոփ պատկերը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ընտրողների վերջնական թիվը կազմում է 2 միլիոն
285 հազար 830 քաղաքացի:

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, ընտրություններից 45 օր առաջ, ոստիկանության
տարածքային ստորաբաժանումները, համայնքների ղեկավարների և ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմավորել են ընտրական
տեղամասեր, ընտրությունների նախնական ցուցակները, քվեարկության օրվանից առնվազն 40
օր առաջ, տրամադրել են տեղամասային կենտրոններին, որոնք էլ փակցրել են տեղամասային
կենտրոնում բոլորի համար տեսանելի տեղում: Միաժամանակ, ընտրացուցակները
էլեկտրոնային կրիչներով տրամադրվել եննաև ընտրատարածքային հանձնաժողովների
նախագահներին:

Ապրիլի 1-ի դրությամբ, այսինքն ընտրություններից 41 օր առաջ, ինտերնետ կայքում
տեղադրելու համար, կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է ընտրողների
ռեգիստրը (ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն. 328 հազ. 747 քաղաքացի), իսկ
ապրիլի 26-ին տեղադրվել է նորացված ընտրացուցակ, որտեղ ընտրողների թիվը կազմել է 2
մլն. 304 հազ. 237:

Համաձայն ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի, քվեարկության
օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու համար, ընտրություններից 30 օր
առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ին են տրամադրվել ընտրողների ցուցակները:

Թվով 22 ընտրատեղամասային կենտրոններում չնախատեսված շինվերանորոգման աշխատանքներ
իրականացվելու, ինչպես նաև բնակելի շենքերն ու տներն ընտրական տեղամասերին
հնարավորինս մոտեցնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոխել
ընտրատեղամասերի արդեն իսկ կազմավորված կենտրոնները, փոփոխություններ կատարել
ընտրատեղամասերի նկարագրերում, ինչը հանգեցրել է ընտրության տեղի և ժամանակի մասին
ծանուցված քաղաքացիներին ընտրատեղամասային նոր կենտրոնների հասցեների վերաբերյալ
կրկին անգամ ծանուցելու անհրաժեշտության:

Օրենքով սահմանված կարգով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված,
ազատազրկման դատապարտված, դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացիներին
ընտրացուցակներ չընդգրկելու նպատակով, համապատասխան պետական կառավարման մարմիններից
պահանջվել և ստացվել են ցուցակներ, որոնցով կատարվել են համապատասխան ճշգրտումներ:

Հատկապես պաշտպանության նախարարության հետ փոխհամագործակցության արդյունքում
ոստիկանությանը տրամադրված 2005 և 2006 թթ. ՀՀ զինված ուժեր պարտադիր ժամկետային
ծառայության զորակոչված, ինչպես նաև ՀՀ զինվորական ուսումնական հաստատություններում
սովորող անձանց ցուցակների հիման վրա, բնակության վայրի հաշվառումից և
ընտրացուցակներից հանվել է 9.097 զինծառայող:

Նախնական ընտրացուցակները տեղամասային կենտրոններում փակցվելուց հետո,
ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դրանց ճշգրտման աշխատանքների իրականացմանը:

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների, հատկապես տեղամասային
տեսուչների կողմից բացահայտվել են հաշվառումից չհանված, մահացած, առուծախի պատճառով
բնակարաններն օտարած, սակայն նախկին հասցեներում հաշվառման մեջ մնացած բնակիչներ,
ԽՍՀՄ նմուշի անձնագրերը չփոխանակած, 18 տարեկանից բարձր տարիքի չանձնագրավորված,
ինչպես նաև առանց հաշվառման բնակվող քաղաքացիներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում

ա) ընտրացուցակներից հանվել են.

  • մահացած 9.607,
  • ազատազրկման դատապարտված 435,
  • բնակության վայրի հաշվառումից հանված 26.323, այդ թվում նոր սեփականատիրոջ դիմումի համաձայն 4.531,
  • բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկությանը
    մասնակցել ցանկացող 1.250 քաղաքացիներ (վերջիններս ընդգրկվել են լրացուցիչ ցուցակներում):

բ) Ընտրացուցակներում ընդգրկվել են.

  • ԽՍՀՄ նմուշի անձնագրեր փոխանակած 2.500,
  • 18-ից բարձր տարիքի անձնագրավորված 5.324,
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղակետ զորացրված` 18:

Ընտրացուցակների կազմման և ճշգրտման աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու,
ընտրացուցակների մատչելիությունն ապահովելու, անհատ քաղաքացիների,
կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններին և
դիտողություններին արագ արձագանքելու նպատակով, ոստիկանությունում ստեղծվել է «Թեժ
գիծ»:

«Թեժ գծով» 1080 քաղաքացիների տվյալների ճշգրտման վերաբերյալ ստացվել է շուրջ 721
ահազանգ, որոնք հաղորդվել են ոստիկանության տարածքային բաժին-բաժանմունքներ՝
լրացուցիչ ստուգումներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև, ընտրացուցակներում
լրացումներ ու փոփոխություններ կատարելու համար:

ԱՊՀ դիտորդական խմբի պահանջով, նրանց է տրամադրվել ապրիլի 17-ի դրությամբ Ազգային
ժողովի ընտրությունների ընտրողների թիվը, որը կազմել է 2 մլն. 318 հազար 493
քաղաքացի: