NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բախում ցուցարաների եւ ոստիկանության միջեւ
Մայիսի 9-ին տեղի ունեցավ Իմպիչմենտ դաշինքի, Հանրապետություն եւ Նոր Ժամանակներ
կուսակցությունների համատեղ երկրորդ հանրահավաքը, որը վերջինն է նախընտրական
ժամանակահատվածում: Մատենադարանի հրապարակում, հանրահավաքի կազմակերպիչների
գնահատմամբ հավաքված էր ավելի շատ մարդ, քան նախորդ հանրահավաքին Ազատության
հրապարակում: Իսկ նախորդին ներկա էր մոտ 30 հազար քաղաքացի, հետեւաբար Մատենադարանի
հանրահավաքին մասնակցում էր ավելի քան 30 հազար մարդ: Հանրահավաքի ընթացքում հնչեց
գործող վարչակարգին հեռացնելու հերթական կոչը: Միասնական եռյակը ժողովրդին դիմեց
մայիսի 12-ին ձայնը տալ երեք կուսակցություններից որեւէ մեկին, քանի որ ի վերջո այդ
ձայնը ծառայելու է միասնական նպատակի` իմպիչմենտի:
Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ դեպի ազգային անվտանգության ծառայություն, ի
պաշտպանություն այն քաղբանտարկյալների, ինչպես բնորոշեցին հանրահավաքի
կազմակերպիչները, ովքեր պահվում են Ազգային անվտանգության մեկուսարանում` Ժիրայր
Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան:
Բազմահազարանոց երթը ձգվում էր Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչեւ
Սայաթ-Նովա Տերյան փողոցի խաչմերուկ: Երբ երթի մասնակիցները թեքվեցին դեպի
Նալբանդյան փողոց, դեպի ԱԱԾ շենք, կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որ շարվել
էին շենքի դիմաց, շղթայով առաջ եկան մինչեւ Նալբանդյան փողոցի մեջտեղը, որտեղից
պետք է անցներ երթը` ԱԱԾ շենքի առջեւով: Այդպիսով ոստիկանները փակեցին փողոցի կեսը,
նեղացնելով երթի մասնակիցների ճանապարհը: Մինչդեռ արտոնված երթի մասնակիցները
չշեղեցին ուղղությունը եւ չնեղացրին շարքերը, շարունակելով քայլել փողոցի այն
լայնքով, որով որ արտոնված է երթը: Այդ ժամանակ կարմիր բերետավորներն ու
ոստիկանները պարզապես ֆիզիկական ուժ կիրառեցին երթի մի քանի մասնակիցների հանդեպ:
Մինչդեռ այդ մասնակիցները ոչ մի չարտոնված գործողություն չէին կատարում, նրանք
ուղղակի քայլում էին: Ոստիկանների բռնության թիրախ դարձավ նաեւ Այլընտրանք
նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանը, որին խմբով դաժան ծեծի ենթարկեցին կարմիր
բերետավորները: Նրանք արցունքաբեր գազ էին կիրառել նաեւ լրագրողներից մի քանիսի
հանդեպ եւ պատռել ֆոտոթղթակիցներից մեկի բաճկոնը:
Հաշված րոպեների ընթացքում կարմիր բերետավորներին միացան նաեւ սեւ համազգեստով
հատուկ ջոկատայինները, արդեն զինված ռետինե փամփուշտով ավտոմատներով եւ մահակներով:
Ի պատիվ երթի մասնակիցների, նրանք ոչ միայն չնահանջեցին, չնոսրացրին շարքերը, այլ
պարզապես իրենց բացականչություններով հասկացրին ոստիկաններին, որ սադրանքը իր
նպատակին չհասավ, եւ նահանջ կամ անկանոն խուճապային գրոհ չի լինելու: Խաղաղ
ցուցարարները պարզապես պահանջում էին ազատ արձակել այն անմեղ անձանց, որոնց
ոստիկանները ծեծեցին ու տարան իրենց հետ: Ցուցարարները, Արամ Կարապետյանի, Նիկոլ
Փաշինյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ ի վերջո հասան իրենց նպատակին,
եւ Դավիթ Մաթեւոսյանն ու մյուս մի քանի քաղաքացիները ազատ արձակվեցին: Ոստիկանները
նահանջեցին, ցուցարարները հաղթանակ եւ ազատություն գոչյուններով շարունակեցին երթը,
որը ձգվեց նախատեսվածից ավելի երկար, շարունակվեց Մոսկովյան փողոցով եւ հասավ
մինչեւ Ազատության հրապարակ, ուր գիշերը ժամը 22.30-ին հավաքվել էր մի քանի հազար
ցուցարար: Նրանք տոնում էին հաղթանակը ոստիկանների հանդեպ, որոնք փորձեցին
սադրանքով խուճապի մատնել խաղաղ ցուցարարներին, որը սակայն կատարելապես ձախողվեց:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիներն այսօր տարան իրենց առաջին հաղթանակը
ժողովրդի իշխանության հաստատման ճանապարհին: Իսկ նրանց, ում իրավապահները
կանհանգստացնեն, Փաշինյանը տվեց իր բջջային հեռախոսի համարը, ասելով, որ
իրավապահների ճնշման դեպքում մարդիկ անմիջապես զանգահարեն իրեն: Մայիսի 9-ի
հանրահավաքն ու երթը հաղթականորեն հայտարարելով ավարտված, Իմպիչմենտի,
Հանրապետության եւ Նոր Ժամանակների ղեկավարները քաղաքացիներին հանրահավաքի
հրավիրեցին մայիսի 12-ից հետո, երբ ժողովուրդը քվեարկությանը կասի իր խոսքը, ամսի
13-ին, ժամը 14-ին Ազատության հրապարակում: Հանրահավաքն արտոնված է, իսկ
կազմակերպիչներն էլ քաղաքացիների հետ պատրաստվում են կամ տոնել ժողովրդի հաղթանակը,
որ ամրագրվելու է մայիսի 12-ին, կամ եթե ընտրությունը կեղծեն` ժողովրդի հետ հասնել
արդարության վերականգնմանը:
