Հանրապետական կուսակցությունը ամենաշատն է լուսաբանվում

Մայիսի 10-ին Երեւանի մամուլի ակումբը եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնը հրապարակեցին Հայաստանի ԶԼՄ-ներում ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների լուսաբանման դիտարկման վերջին միջանկյալ հաշվետվությունը` ապրիլի 24-մայիսի 5 հատվածի համար: Վերջնական հաշվետվությունը կհրապարակվի արդեն ընտրություններից հետո: Դիտարկվում է 18 ԶԼՄ. չորս համապետական, 6 մայրաքաղաքային, 3 մարզային հեռուստատեսություն, մեկ ռադիոընկերություն, չորս թերթ:

Ըստ հաշվետվության, 13 հեռուստաընկերությունները միասին ՀՀԿ-ի մասին խոսել են 97 605 վայրկյան, ՀՅԴ-ի մասին` 77 073, ԲՀԿ-ի մասին` 75 681 վայրկյան: Այս երեքի մասին հեռուստաընկերությունները խոսում են առավելապես դրական, ի տարբերություն ասենք ՕԵԿ-ի, ում 13-ը միասին անդրադարձել են 33 746 վայրկյան եւ հիմնականում բացասական հիշատակումներով:

Հետազոտության հեղինակները հայտարարում են, որ ընտրարշավը առավել ակտիվ են լուսաբանում ԱԼՄ, հ2, Երկիր-Մեդիա, Կենտրոն հեռուստաընկերությունները: Սակայն ոչ համաչափ: ԱԼՄ-ի քաղաքական եթերի 35 տոկոսը Տիգրան Կարապետյանի ժողովրդական կուսակցության բաժինն է, 28 տոկոսը` Հանրապետականի: Երկիր մեդիան բոլոր քաղաքական միավորներին միասին տրամադրել է 59 942 վայրկյան, որից 27 080-ը` կամ մոտ 45 տոկոսը ՀՅԴ-ին: Երկիր մեդիան Իմպիչմենտ դաշինքին տրամադրել է 100 վայրկյան, կամ 270 անգամ քիչ, քան ՀՅԴ-ին, մոտ 53 անգամ քիչ, քան ԲՀԿ-ին եւ մոտ 39 անգամ քիչ, քան ՀՀԿ-ին: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության քարոզարշավին Երկիր-մեդիան ընդհանրապես չի անդրադարձել: Բոլոր 13 հեռուստաընկերությունների հաշվարկով առաջատարը, ինչպես եւ ենթադրվում էր, Հանրապետականն է, ով 50 անգամ ավելի շատ է երեւացել, քան Իմպիչմենտը:

Հանրային հեռուստաընկերության եթերում Հանրապետականը Նոր ժամանակներից 100 անգամ, Հանրապետությունից` 45, Իմպիչմենտից` 28 անգամ շատ է երեւացել: Հայաստանի առաջադիմական, Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ, կուսակցություննները ապրիլի 24-մայիսի 5 հատվածում` 12 օրում Հ1-ով երեւացել են 2-ական րոպե: Սրանով հանդերձ, «Թիմը» եւ Երեւանի մամուլի ակումբը պնդում են, որ քարոզարշավը համեմատաբար հավասարակշռված է լուսաբանում հենց Հ1-ը: