NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տրամադրված են մերժել
Իմպիչմենտ դաշինքը, Նոր ժամանակներ ու Հանրապետություն կուսակցությունները ԿԸՀ-ին էին ներկայացրել հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների կատարած խախտումների` ընտրակաշառքներ եւ այլն, բազմաթիվ փաստեր եւ առաջարկել դատական կարգով նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մայիսի 4-ի ԿԸՀ-ում հրավիրված խորհրդակցությունից հետո գրեթե միանշանակ է, որ եռյակի դիմումը մերժվելու է:
ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին կրծքով պաշտպանելը զարմանալի չէր լինի, եթե վերջում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը չասեր, թե ընտրական օրենսգիրքը թերություններ ունի, մասնավորաբար քարոզչությունը հստակ սահմանված չէ: Այլ խոսքով նա ընդունում է որ ԲՀԿ եւ ՀՀԿ օրենքի բացերը շահագործում են: Նոր ժամանակներ ու Հանրապետություն կուսակցությունների դիմումը որակվեց քաղաքական շոու, թույլ հիմնավորված: Սակայն ԲՀԿ եւ ՀՀԿ օգտին էլ առանձնապես ուժեղ փաստարկներն չբերվեցին: ԿԸՀ-ում դատական ծառայությունը ներկայացող Աշոտ Աբովյանը կասկածում էր, մի գուցե ԲՀԿ նշանակում է, ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցություն, այլ` բարեգործական հասարակական կազմակերպություն: ԿԸՀ-ում ՄԱԿ ներկայացուցիչ Արտակ Քոչարյանը կասկածում էր, մի գուցե ներկայացված թերթի պատճենները կեղծված են եւ թերթերը նման բան չեն գրել: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ասում էր, օրենքով բարեգործական կազմակերպությունները իրավունք չունեն քարոզչություն անել, բայց սա չի նշանակում, թե չի կարելի քարոզչության ժամանակ խոսել բարեգործական կազմակերպության արածների մասին: Կամ` երբեք չի ասվել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտպանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության թեկնածությունը:
ԿԸՀ-ում ՀՅԴ-ական Համլետ Աբրահամյանը ասաց, թե Արմավիրի քաղաքապետի ընտրությունից առաջ քաղաքին ավտոբուս նվիրած եւ ընտրություններում պարտված ԲՀԿ պետք է հետեւություններ աներ եւ նման բաներ էլ չաներ: Խորհրդակցության ժամանակ որոշում չի ընդունվում: Եռյակի դիմումի վերաբերյալ որոշումը ԿԸՀ կկայացնի մոտակա նիստում:
