NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գարեգին Ազարյանի երկու դեմքը
Մայիսի 7-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ողջ կազմով, ՀՀ ոստիկանապետին տեղակալ Հովհաննես Վարյանի ու ՀՀ գլխավորչ դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի մասնակցությամբ, հանդիպեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարներին` բացատրելու համար վերջիններիս պարտականություններն ու իրավունքները քվերակության օրը, դրանից առաջ, դրանից հետո: Մոտ մեկ ժամ անց, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հանդիպեց լրագրողներին: ԸԸՀ անդամներին եւ լրագրողներին հանդիպած Գարեգին Ազարյանները իրար նման էին միայն արտաքինով: Մեկ էլ ձայնով:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հետ Գարեգին Ազարյանը բավականին խիստ էր: Օրինակ երբ նա բացատրում էր, թե քվեարկության հաջորդող գիշերը ինչպես պետք է աղյուսակավորվեն ընտրության արդյունքները եւ ինչ ժամային պարբերականությամբ, հանձնաժողովներից մեկը նախագահը հարցրեց. աղյուսակավորումը ի՞նչ է: Գարեգին Ազարյանը բարկացավ ու սկսեց բացատրել, որ եթե հիմա սկսի պարզաբանել աղյուսակավորման իմաստը, սույն հանձնաժողովականը լավագույն դեպքում պատրաստ կլինի 2012-ի ԱԺ ընտրությանը: Իսկ ահա լրագրողներին ներկայացած Գարեգին Ազարյանը թաքցնում էր նշված հանձնաժողովականի անտեղյակությունը «տերմիններն էր շփոթել» ձեւակերպմամբ:
Կամ երբ ՕԵԿ-ցի հանձնաժողովականները Գարեգին Ազարյանից դժգոհում էին, որ նրա եւ էլի այլոց ցուցումով, մի քանի տարածքներում հանձնաժողովների նախագահ ՕԵԿ-ականները փոխարինվեցին այլ կուսակցության ներկայացուցիչներով, Գարեգին Ազարյանը նախ փորձեց արդարանալ, թե ինքը դրան հետ կապ չունի, ընտրական օրենսգիրքը իրեն չի տալիս նման լիազորություն: Հետո թե «մի գուցե ճիշտ ենք արել»: Լրագրողներին Գարեգին Ազարյանը միշտ առաջարկում է ընտրական օրենսգրքին հետեւել եւ երբեք չի խոստովանել որ դուրս է եկել օրենսգրքի շրջանակից:
Կամ Գարեգին Ազարյանը եւ մյուս ԿԸՀ-ականները ԸԸՀ-ականներին բացատրում էին, թե չի կարելի հանձնաժողովի կնիքը տեղադրել գրանցմատյանների եւ այլ փաստաթղթերի համար նախատեսված պարկում, կինքը մայիսի 13-ին ժամը 9:00-ին պետք է հանձնել «Հայինկասացիային», սա էլ կբերի ԿԸՀ: Եթե կնիքը հայտնվի պարկում, ուրեմն, կամ դիտավորյալ է կամ չգիտեն իրենց անելիքը, չէ որ ԿԸՀ 1000 անգամ բացատրել է, թե ինչը որտեղ պետք է դնել. «մորթեցին, թողեցին, արա», զարյացավ Գարեգին Ազարյանը: Իսկ որ կան որոշ ոչ կոմպետենտ հանձնաժողովականներ, Գարեգին Ազարյանը լրագրողներին չասաց: Ինչպես եւ մինչ այս հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն այնպես, որ ընտրությունների ընթացքում հասարակական կարգը պահպանող 8000 ոստիկանները անելիք չունենան:
Ի դեպ, ոստիկանները քվեարկելու են այն ընտրատեղամասում, որտեղ ծառայություն են իրականացնում: Եթե դա իրենց հաշվառման վայրը չէ` քվեարկելու են միայն համամասնական ընտրակարգով:
