NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընդդմիությունը խախտումների մասին փաստեր է հավաքում
«Ժառանգությունը» գնում է դեպի հաղթանակ, ընտրությունների մասնակցելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 50-55 տոկոսը, որից յուրաքանչյուր չորրորդը` «Ժառանգության» օգտին, մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտրաարեցին «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը եւ կուսակցության համամասնական ցուցակի առաջին 10-ում ընդգրկված Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգության» համար հաղթանակ է, ոչ թե քվեների 5 կամ 10 տոկոս ստանալը, այլ որ կեղծիքներ չլինեն. շանս 2007 թվականի մայիսի 12-ին «չգնալ անցած 15 տարվա ճանապարհով եւ ունենալ քիչ թե շատ նորմալ ընտրություններ, երբ ժողովուրդը կձեւավորի իշխանություն»: «Ոոշողը մենք ենք` ՀՀ քաղաքացիներս: Տեր կանգնեք ձեր ձայներին, իրացրեք ձեր իրավունքը, մեր երկրում մեր ձեռքերով ստեղծենք իրավական պետություն», կոչ է անում «Ժառանգությունը»:
Մեկ ժամ անց մեկ այլ ասուլիսում նույն միտքը հայտնեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա, այսօրվա մթնոլորտի պատասխանատվությունը կրում է հանրապետական կուսակցությունը եւ անգամ «ՀՀԿ «Քեզ համար Հայաստան» գեղեցիկ լոզունգը Հայաստանում չի կարող կյանքի կոչվել, ոչ մի կարգախոս չի կարող կյանքի կոչվել, քանի դեռ իշխանության գլխին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, իրենց ստեղծած կիսակրիմինալ, կիսաօլիգարխիկ համակարգով»: Դրա համար էլ «Հանրապետություն» կուսակցությունը առաջարկում է նախ իշխանափոխություն անել, նոր միայն անցնել այս կամ այլ ոլորտի հարցը լուծելուն, որովհետեւ «եթե մենք եկանք իշխանության նույն սրիկաները կդառնանք, եթե չեղավ ժողովրդական վերահսկողություն: Թող ժողովուրդը ընտրի, թեկուզ մեկ անգամ էլ սխալվի եւ անարժանին ընտրի»:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանն էլ դեմ կեղծիքներին եւ կարծում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կեղծելու, այլ թույլ չեն տալու, որ որեւէ մեկը կեղծի: Թույլ չեն տալու, որ փողերից չզրկվեն. «միջազգային կազմակերպությունների նախազգուշացումները, Հազարամյակի մարտահրավերների եւ այլ միջազգային օգնություններից զրկվելու վտանգը եւ այլն եւ այլն: Այսինքն իշխանությունը եթե կեղծեն կզրկվեն բազմաթիվ բաներից, ընդհուպ մինչեւ Հայաստանին ԵԽ կազմից հանելուց: Դրա համար էլ կեղծիքներ չեն լինելու»:
«Հանրապետությունը» կարծում է, որ ընտրությունները կեղծվելու են: «Ժառանգությունը» հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են ի սկզբանե, արդեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումներ: «Այո խախտումներ կան եւ մենք ամեն օր դրանց մասին տեղեկություններ ենք ստանում եւ հավաքում: Բայց մենք ամեն ինչ վերցնում ենք համեմատության մեջ: «Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ մինչ այս եղած խախտումները իշխանությունների կողմից համակարգված, համակարգային բնույթ չեն կրել: Սա է մեզ հույս տալիս, որ ժողովուրդը կկարողանա տիրանալ իր կամքին եւ իշխանությանը», հայտարարում է «Ժառանգությունը»: Իսկ եթե լինեն խեղումներ եւ կեղծիքներ, ապա «Ժառանգությունը» կնախաձեռնի ժողովրդական գործողություններ, որի ժամանակ չի բացառվում համագործակցությունը ընդդիմադիր մյուս ուժերի հետ:
