NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եռյակի համատեղ ուղերձը
Մայիսի 4-ին համատեղ ուղերձով քաղաքացիներին է դիմել «Հանրապետություն», «Նոր Ժամանակներ», «Իմպիչմենտ» եռյակը: «Կեղծիքով, շանտաժով ու խաբեությամբ իշխանությունը բռնազավթած վարչախումբը խարխլել է Հայոց պետականության հիմքերը, միջազգային հանրության արժանապատիվ անդամ Հայաստանը դարձրել է ծաղրուծանակի առարկա, արկածախնդիր քաղաքականությամբ Լեռնային Ղարաբաղի հարցը մտցրել է հյուծիչ փակուղի` նոր պատերազմի վտանգավոր հեռանկարով: Սեփական տանը` հայրենի երկրում, անկախ պետության քաղաքացուն դարձրել են իրավազուրկ եւ հպատակ` բարոյազրկում, այլասերում են ամբողջ մի սերունդ», ասված է համատեղ ուղերձում:
Ուղերձի հեղինակները հյտարարում են, որ մայիսի 12-ի ընտրությանը մասնակցում են Ռոբերտ Քոչարյանին ու նրա վարչակարգին հեռացնելու նպատակով, որովհետեւ միայն օրինական իշխանություն ձեւավորելուց հետո է հնարավոր երկրում ապահովել առաջընթաց: «Անկախ ծրագրային եւ աշխարհայացքային տարբերություններից, մենք միավորվել ենք օրինական իշխանության հաստատման առաջնահերթ խնդրի շուրջ», ասում են Հանրապետություն եւ ՆԺԿ կուսակցություններն ու Իմպիչմենտ դաշինքը:
«Հանրապետություն կուսակցության, Նոր Ժամանակներ կուսակցության ու Իմպիչմենտ դաշինքի քարոզարշավը համոզեց, որ այս նպատակները ամենալայն հասարակական աջակցությունն ունեն բնակչության բոլոր շերտերում: Այսինքն, եթե առաջիկա խորհրդարանական ընտրության արդյունքը արմատապես չխեղթայուրվի եւ գլխիվայր չշրջվի` մենք կունենանք խորհրդարանական մեծամասնություն եւ իմպիչմենտ կիրականացնենք խորհրդարանական ճանապարհով», ասված է երեք ուժերի համատեղ ուղերձում: Նրանք միասին կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին` ազատ եւ արժանապատիվ ապրելու բնական մղումով ու վճռականությամբ մայիսի 12-ի ընտրությանն աջակցել Հանրապետություն, Նոր ժամանակներ կուսակցություններին եւ Իմպիչմենտ դաշինքին: Ուղերձը Իմպիչմենտ դաշինքի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, Հանրապետություն կուսակցության անունից` Արամ Զավենի Սարգսյանը, իսկ Նոր Ժամանակներ կուսակցության անունից Արամ Կարապետյանը:
