NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 2-ի արտահերթ նիստում հաստատեց ՀՀ Աժ մայիսի 12-ին ընտրությունների եւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների նշումները: Մայիսի 3-ից ժամը 00:01-ից սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը: «Տիգրան Մեծ» հրատարակչությունում կտպագրվեն մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքների քվեաթերթիկները, «Բլանկ-Հրատ» հրատարակչությունում` համամասնական ընտրակարգի քվեաթերթիկները:
ՀՀ ոստիկանության ԿԸՀ-ին տրամադրած տվյալների համաձայն, մայիսի 2-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է 2 301 662 ընտրող: Գումարած զիծառայող-ընտրողները, որոնց տվյալները, բնականաբար լայնորեն չեն տարածվում: Տպագրվելու է մոտ 2 800 000 համամասնական քվեաթերթիկ. ընտրողների թվից մոտ 2 տոկոսով ավելի: Ընտրողների թվից քիչ ավելի քվեաթերթիկ է տպագրվելու նաեւ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքի համար:
Կուսակցությունները եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները կարող էին հրաժարվել ընտապայքարից մինչեւ մայիսի 2-ը: Վերջին պահին վերջին «հրաժարականը» ներկայացրեց Հայաստանի առաջադիմական կուսակցությունը: ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ ընտրապայքարից հրաժարվում է հանուն ՀՀԿ-ի: ԿԸՀ-ն էլ, ըստ օրենքի, ՀԱԿ գրանցումը համարեց ուժը կորցրած: Նույն նիստում ԿԸՀ որոշեց ուժը կորցրած ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակից մեկ, Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակից` երկու, Միացյալ ազատական ազգային կուսակցության համամասնական ցուցակից` մեկ, Հայաստանի ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակից` մեկ, ՀՅԴ կուսակցության համամասնական ցուցակից` մեկ թեկնածուի գրանցումը: Բոլորն էլ` ինքնաբացարկի արդյունքում:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանին հետաքրքրում էր ՀԱԿ «հրաժարականի» հետ կապված մի հայտարարություն: ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը ոչ միայն հայտարարել է, թե պայքարից հրաժարվում են հօգուտ հանրապետական կուսակցության եւ հանրապետականին են ներկայացնելու եւ իրենց անդամների եւ իրենց համակիրների 12 000 ստորագրություններով ցուցակներ: «Այդ ինչ ցուցակներ են, ով է կազմել, ինչքան է արժեցել: Առաջարկում եմ պահանջեք այդ ցուցակները եւ պարզենք, ինչ ստորագրություններ են փոխանցվում կուսակցությունից-կուսակցություն», այս եւ նման հարցեր էին հետաքրքրում Ֆելիքս Խաչատրյանին: ԿԸՀ մնացած 8 անդամներից ոչ ոքին այս հարցերը չէին հետաքրքրում, ոչ ոք չմիացավ Ֆելիքս Խաչատրյանի առաջակին: ԿԸՀ-ն այդպես էլ չի իմանա, թե ՀԱԿ-ը ինչու, ինչպես եւ ինչ ցուցակներ է կազմել եւ փոխանցել ՀՀԿ-ին:
Մայիսի 2-ի դրությամբ, 41 մեծամասնական տեղի համար պայքարում է 119 թեկնածու: Միջինը մեկ տեղի համար` 2.9 թեկնածու: 41 ընտրատարածքներից 7-ում գրանցված է ընդամենը մեկ մեծամասնական թեկնածու, ինչը, չի խոսում ժողովրդավարության մասին: 11 ընտրատարածքում գրանցված է երկուական, 9 ընտրատարածքում` երեքական, 9 ընտրատարածքում` չորսական, 3 ընտրատարածքում` հինգական եւ 2 ընտրատարածքում` վեցական թեկնածու: Համամասնական ընտրակարգով պայքարելու է 22 կուսակցություն եւ մեկ դաշինք. ընդամենը` 1245 թեկնածու:
Մայիսի 2-ը նաեւ դիտորդների հավատարմագրման վերջին օրն էր: Այդ օրը ՀՀ կետրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց տեղական «Իրազեկ» եւ «Վան» կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման դիմումները, քանի որ նրանց կանոնադրություններում մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան: Այնպես որ ՀՀ ԱԺ ընտրություններին հետեւելու է տեղական 53 կազմակերպություն ներկայացնող 13 2002 եւ միջազգային 6 կառույց ներկայացնող 669 դիտորդ:
