Կրակոցներ անեծքի եւ հայհոյանքի փոխարեն

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քարոզարշավ 2007-ը գնահատել է հանգիստ, առանց հայհոյանքի եւ առանց անեծքի: Նա այդ մասին խոսել է մայիսի 2-ին Մամուլի Ազգային ակումբում: Ներկա լրագրողները Ազգային Ժողովի նախագահին հիշեցրել են տեղի ունեցող սպանությունների եւ ահաբեկությունների մասին, ինչին ի պատասխան լսել, որ նախընտրական շրջանը դժբախտաբար Ղարաբաղի շարժման նման չէ, երբ քրեական աշխարհը «իր գործողությունների համար հայտարարեց մորատորիում»:

«Եվ ոչ միայն Հայաստանում, ամենուրեք, ամեն մի երկրում, կարծում եմ, ցավոք սրտի, նախընտրական շրջանում քրեական հանցագործությունները տեղի են ունենում: Հայաստանում, կամ նման փուլում գտնվող երկրներում, մարդիկ եւ հասարակությունն ավելի զգայուն են արձագանքում նման երեւույթների: Ահա սա է պատճառը, կարծում եմ եւ մինչ այժմ չկա որեւէ հանցագործություն, այդ շարքից, որիը որեւէ մեկը կարող է փաստարկված կապել ընտրությունների հետ», ասում է Տիգրան Թորոսյանը: Իսկ լրագրողների դիտարկմանը, որ օրինակ Վանաձորում օրերս թեկնածու Վահրամ Բաղդասարյանի համախոհը սպանել էր Բաղդասարյանի մրցակից Վիկտոր Դալլաքյանի համախոհին, Տիգրան Թորոսյանը կրկին պատասխանում է` «ցավոք սրտի նախընտրական շրջանում քրեական աշխարհը չի հայտարարում մարատորիում»:

Տիգրան Թորոսյանը նաեւ հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի հետընտրական իրավիճակն ավելի սուր չի լինի, քան ներկայիս վիճակը: «Ինչ վերաբերում է այսպես կոչված գունավոր հեղափոխություններին, ապա կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում հասարակությունը միշտ ավելի լուրջ է վերաբերում քաղաքական գործընթացներին, քան շատ այլ երկրներում, որովհետեւ, եւ դրա ճշմարտացիությունը հաստատեցին նաեւ այն զարգացումները, որոնք կարելի էր տեսնել այս տարիների ընթացքում, այն երկրներում, որտեղ տեղի ունեցան այսպես կոչված գունավոր հեղափոխություններ: Կյանքը գրեթե չփոխվեց, խնդիրները մնացին, դեռ մի բան էլ ավելացան», ասում է Ազգային Ժողովի նախագահը: Ըստ նրա, ապագա խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությունը կազմելիս ՀՀԿ-ն կլինի առանցքային դերակատար, իսկ թե որ ուժերը տեղ կունենան կոալիցիայում, ցույց կտա կյանքը: ՀՀԿ փոխնախագահը խոսելով կոնկրետ ԲՀԿ հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին ասել է, որ Եվրոպական երկրներում ավանդույթն այնպիսին է, որ խորհրդարանի ընտրությանն առաջին տեղ գրաված ուժը ձեւավորում է կառավարող կոալիցիա, իսկ երկրորդ տեղը գրավածը ձեւավորում է ընդդիմություն: Սակայն Տիգրան Թորոսյանը նաեւ նշել է Գերմանիայի օրինակը, ուր կոալիցիա ձեւավորեցին հենց առաջին եւ երկրորդ տեղը գրաված ուժերը: