NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հեռուստաեթերում ամենաշատ երեւում է հանրապետականը
ՀՀ ԱԺ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրության լուսաբանման դիտարկման արդյունքների վերաբերյալ ապրիլի 16-23 հատվածի համար հերթական միջանկյալ հաշվետվությունը, նման է նույն դիտարկման ապրիլի 8-15 հատվածի արդյունքներին, ապրիլի 27-ին հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Դիտարկվում է 13 հեռուստաընկերություն, մեկ ռադիոընկերություն, չորս թերթ:
Հեռարձակվող լրատվամիջոցներում շարունակում է պահպանվել հասավարակշռված եւ չեզոք լուսաբանումը, սակայն կան նաեւ շեղումներ, հայտարարում են դիտարկման հեղինակները: Օրինակ հանրապետական կուսակցությունը հեռուստաընկերությունների եթերում երեւում է 10-30 անգամ ավելի քան մյուսները` ՀՀԿ-ի մասին սյուժեները ավելի երկար են եւ միշտ նորությունների առաջին ռեպորտաժներից են լինում: Երկրորդ տեղում` ՀՅԴ-ն, ով հանրապետականից երկու անգամ քիչ է երեւում: Երրորդը, Բարգավաճ Հայաստանն է: Դիտարկման արդյունքների համաձայն, հանրային հեռուստաընկերությունը ընտրությունները առանձնապես ակտիվ չի լուսաբանում եւ միաժամանակ ռոպորտաժներում եւ հաղորդավարների խոսքում ընդդիմադիրների մասին խոսելիս պահպանվում է հեգնանքը` «Հ1-ը բոլոր կուսակցություններին տրամադրել է այնքան եթերաժամանակ, որքան ԱԼՄ-ն տրամադրել է միայն Ժողովրդական կուսակցությանը»: Ինչպես հայտնի է ԱԼՄ հոլդինգի նախագահը նաեւ ժողովրդական կուսակցության նախագահն է, ուստի Ժողովրդական կուսակցության ողջ եթերաժամանակի առյուծի բաժինը` 93 տոկոսը հենց ԱԼՄ-ն է ապահովում: ԱԼՄ-ով այլ ուժերի մասին խորը եւ մանրամասն տեղեկություններ ստանալու վրա հույս դնել չարժե, հայտարարում են դիտարկողները: Հետազոտված թերթերում եւս առավել հաճախ երեւում է ՀՀԿ-ն հետո` ԲՀԿն ու ՀՅԴ-ն:
Մասնավոր «Արմենիան» հանրային Հ1-ից երեք անգամ ավելի պակաս ժամանակ է տրամադրում ընտրությունների լուսաբանմանը: Մասնավոր հեռուստաընկերություններ հ2-ը եւ «Արմենիան» քաղաքական գովազդի այնքան բարձր գներ են սահմանել, որ սրանց եթերում քաղաքական գովազդ պարզապես չկա: Ինչպես արդեն հայտարարվել է քաղաքական գովազդի գները բարձր են բոլոր հեռուստաընկերություններում, ինչը հիմք է եզրակացնելու որ տարվում է «համաձայնեցված կառավարվող քաղաքականություն»: «Գոլոս Արմենիի» թերթում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետների առանձնազրույցի մասին հոդվածից հետո, հեռուստաեթերում ՕԵԿ վերաբերյալ 10 բացասական հիշատակում է եղել, որոնցից վեցը վերաբերել են հենց այդ զրույցին: Ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, սա ավելի շուտ կոնկրետ քաղաքական ուժի կամ շահագրգիռ խմբի պատվեր է:
Ինչպես եւ նախկինում ՀՅԴ մասին ամենից շատ խոսվում է Երկիր Մեդիայի եթերում: Իսկ ահա Կենտրոնի եթերի առաջատար Բարգավաճ Հայաստանը ապրիլի 16-23-ը երրորդ տեղում է եղել.Նշված շաբաթվա ընթացքում այս հեռուստաընկերության եթերում շատ է լսվել ՀՅԴ անունը, հետո ՀՀԿ եւ նոր միայն` ԲՀԿ:
