Վերահսկվում է նախընտրական ծախսերի 99 տոկոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող բոլոր քաղաքական միավորների նախընտրական հիմնադրամներում միասին կա 241 միլիոն դրամ: Առաջատարներն են հանրապետական, ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունները: ՀՀԿ հիմնադրամում կուտակված է 54 միլիոն դրամ, ՀՅԴ- դրամապանակում` 45.1, Բարգավաճ Հայաստանի գրպանում` 32.6 միլիոն: «Ազգային միաբանությունը» ունի 21.8 միլիոն, «Ժառանգությունը»` 20.7 միլիոն: Ընտրություններին մասնակցող կուսակցություններից միայն մարքսիստական կուսակցությունն է, որ նախընտրական հիմնադրամ չունի: Իսկ չորս այլ կուսակցություններ հիմնադրամ բացել են, բայց որեւէ գործողություն դեռ չեն արել: Սրանց անունները ԿԸՀ չի հրապարակում:

Կուտակած դրամը ծախսելու հարցում էլ առաջատար եռյակը նույն է: ՀՀԿ-ն ծախսել է 44.1 միլիոն դրամ: Երկրորդ տեղում ՀՅԴ-ն է` 41.3 միլիոն: Բարգավաճ Հայաստանը ծախսել է 31.1 միլիոն, «Ժառանգությունը»` 20 միլիոն դրամ: 17.1 միլիոն դրամ ծախսել է «Ազգային միաբանությունը»:

Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 141 թեկնածուներից նախընտրական հիմնադրամ ունեն միայն 72 թեկնածու: Բոլոր միասին ունեն 72 միլիոն դրամ: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ծախսեր արել է հանրապետական Հարություն Փամբուկյանը` 2.9 միլիոն դրամ:

ԿԸՀ հավաստիացնում է, որ վերահսկվում է թեկնածու անձանց եւ կուսակցությունների ծախսերի 99 տոկոսը եւ այս պահի դրությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: