NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մատենադարանի ձեռագրերին վտանգ չի սպառնում
Մաշտոցի անվան Մատենադարանը ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի հետ պայմանավորվել է թվայնացնել Մատենադարանում պահվող ձեռագրերը: Մատենադարանն ու Հիլլը անցած շաբաթ ընդամենը համաձայնությունների հուշագիր են ստորագրել, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել: Իրավիճակը պարզաբանելու համար ապրիլի 26-ին ասուլիս էր հրավիրել Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը:
Ոչ մատենադարանը, ոչ նախաձեռնության մասնակից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չեն հրապարակում հուշագրի ամբողջական տեքստը եւ շատերը սկսել են կասկածել, որ հայկական ձեռագրերին վտանգ է սպառնում: Հուշագրի ամբողջական տեքստ չհրապարակվեց նաեւ ասուլիսի ժամանակ: Փոխարենը Սեն Արեւշատյանը, նրա տեղակալ Արշակ Բանուչյանը, դահլիճում ներկա գիտաշխատողները` տեղից, տարբեր հիմնավորումներ էին ներկայացնում, թե մեր այս հոգեւոր արժեքներին ոչ մի վտանգ էլ չի սպառնում. ձեռագրերը կնկարվեն հենց Մատենադարանում, Մատենադարանի աշխատողների ձեռքով, ոչ ոք, այդ թվում եւ Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանը իրավունք չի ունենա օգտագործել ձեռագրերի թվայնացված տարբերակներն առանց Մատենադարանի գրավոր համաձայնության: Սեն Արեւշատյանը հայտարարեց, որ գործը սկսելու համար հարկ է ստորագրել 3 պայմանագիր, որտեղ «ուժեղացված կլինեն հեղինակային իրավունքի հարցերը: Մատենադարանի սփյուռքահայ բարեկամները պատրաստ են ստանձնել Մատենադարանի հեղինակային իրավունքների պաշտպանությունը»: Եվ վերջապես Հիլլի օգնությամբ արդեն թվայնացվել են Զմառի վանքի, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի, Կիլիկիո թեմի` Անթիլիասի ձեռագրերը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է ծրագիրը եւ համաձայն է, որ թվայնացվեն նաեւ Էջմիածնում պահվող ձեռագրերը: Այս ամենը Հիլլի «Արեւելքի քրիստոնեա եկեղեցիների ձեռագրերի ուսումնասիրության» ծրագրի մասն է, որի մեջ է մտնում նաեւ եթովպական, արաբական, ղպտիների ձեռագրերի թվայնացումը:
Մատենադարանի տնօրինությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է լսել այլ կազմակերպությունների առաջարկներ եւ քննարկել նրանց հետ համագործակցության հնարավորությունը: Հայաստանում բարձրացված աղմուկը հետաքրքրություն կառաջացնի, եւ կարող են մրցակիցներ հայտվել, չի բացառում Մատենադարատանի տնօրինությունը: Հիլլը լուրջ եւ սոլիդ ընկերություն եւ գործընկեր է, Հիլլից ստացված տեղեկությունների հիման վրա եզրակացնում է Սեն Արեւշատյանը: Սեն Արեւշատյանի ընդդիմախոսների հայտարարությունները էժանագին հայրենասիրություն են, նկատում է Մատենադարանի աշխատողներից մեկը:
Սեն Արեւշատյանը կոնկրետ չգիտի, բայց կարծում է, որ ծրագիրը կարժենա մի քանի միլիոն դոլար: Նա եւ Հիլլի հետ համագործակցելու կողմնակիցները վստահ են, որ մեր պետությունը դեռ երկար ժամանակ ձեռք չի մեկնելու այս խնդրին, քանի որ փող չկա: Կոնկրետ ձեռագրերի թվայնացման հարցով Մատենադարանը կառավարությանը չի դիմել, սակայն ավելի փոքր գումարներ է խնդրել, ասենք գիրք հրատարակելու համար եւ մերժվել: Իսկ օլիգարխների վրա էլ հույս չեն դնում:
