NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աշխարհը տարակարծիք է ԱՄՆ մասին
Ինչպիսին է ԱՄՆ դերը աշխարհի քաղաքական գործընթացներում: Այդ մասին հարցախույզ է կատարվել աշխարհի 18 երկրում, այդ թվում եւ Հայաստանում: Հարցախույզը նախաձեռնում է միջազգային կարեւոր հարցերի վերաբերյալ համամոլորակային հարցախույզ իրականացնող Չիկագոյի խորհուրդը, որի հետ Հայաստանում գործակցում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: Կենտրոնն ապրիլի 19-ի հրապարակել է Հայաստանում անցկացված հարցման տվյալները: Ըստ այդմ, Հայաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ պետք է շարունակի համաշխարհային քաղաքականության գլխավոր դերակատարի իր դերը, բայց ոչ միանձնյա, այլ մյուս երկրների հետ գործակցված: Այդպես է կարծում մեր երկրի քաղաքացիների 58 տոկոսը: Հայաստանցիների 27 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ պետք է հրաժարվի համաշխարհային գերտերության իր միանձնյա քաղաքականությունից: Իսկ 7 տոկոսը համարում է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համաշխարհային գլխավոր ղեկավարի դերը:
Հայաստանի քաղաքացիների 63 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն ավելին է կատարում որպես «համաշխարհային ոստիկան», քան պետք է: Հակառակ կարծիքի է 27 տոկոսը: համաշխարհային գլխավոր դերակատարի դերում ԱՄՆ-ին չի վստահում հայաստանցիների 58, իսկ վստահում է 39 տոկոսը: Հարցվածների 37 տոկոսն ասում է, որ ԱՄՆ պետք է կրճատի իր արտասահմանյան ռազմական հենակետերի քանակը, իսկ 26 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ այդուամենայնիվ պետք է պահպանի իր ներկայիս հենակետերի քանակը, իսկ ահա 16 տոկոսը նշել է, որ ԱՄՆ պետք է ավելացնի հենակետերը:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությանը, ապա Հայաստանցիների 48 տոկոսը համարում է, որ այն բարելավվում են, 40 տոկոսի կարծիքով մնում է նույնը, իսկ 8 տոկոսը կարծում է, որ այդ հարաբերությունը վատանում է:
Հայաստանյան հարցման տվյալը համադրելով մյուս 17 երկրների տվյալների հետ, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ համաշխարհային առաջատարության մասին հայաստանցիների կարծիքը գրեթե չի առանձնանում այլ մայրցամաքների եւ աշխարհամասերի պետություններում արձանագրված կարծիքից: Աշխարհի բնակչության 56 տոկոսը ներառող 18 երկրում, ուր անցկացվել է հարցումը, բնակչության մեծամասնությունը դեռեւս ցանկանում է, որ ԱՄՆ-ն ունենա առաջատարի դեր, բայց այն չկատարի միանձնյա, այլ համաձայնեցնի մյուս տերությունների հետ:
