5000 քվեատուփերը արդեն Հայաստանում են

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է ապրիլի 18-ից շաբաթական երեք անգամ հանդիպել լրագրողներին եւ ոչ միայն հրապարակել ՀՀ Աժ մայիսի 12-ի ընտրությունների հետ կապված ԿԸՀ ստացած բողոքները, այլ նաեւ այլ ահազանգերը եւ դրանց ընթացքը, որ կլինեն ԶԼՄ-ներում, տեղեկացրեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Այս պահին ԿԸՀ ստացել է 10 դիմում-բողոք, առավելապես` «Իմպիչմենտ» դաշինքից եւ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունից:

ԶԼՄ-ների ահազանգերից մեկին ԿԸՀ-ն արդեն ահազանգել է` ընտրողների անձնագրեր հավաքելու մասին տեղեկությունները ուղարկելով ՀՀ դատախազություն, ոստիկանություն եւ տարածքային կառավարման նախարարություն: Առայժմ ԿԸՀ-ին պատասխանել է միայն դատախազությունը: Դատախազությունը ասել է, թե տեղեկություններում կոնկրետություն եւ հստակություն չկա, հետեւաբար հնարավոր չէ փաստի առթիվ քրեական գործ հարուցել:

Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ բողոքների առթիվ Գարեգին Ազարյանը հայտարարեց, որ աշխարհի ոչ մի երկրում չկան 100 տոկոսանոց մաքուր ընտրացուցակներ: Եթե նման երկիր լինի, Գարեգին Ազարյանը պատրաստ է հրաժարական տալ:

Լրագրողների հետ հանդիպումից Գարեգին Ազարյանը ուղեւորվեց Երեւանի մատույցներում դիմավորելու ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների քվեատուփերը, որ գալիս են Սիրիայից:

ՀՀ ԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի համար անհրաժեշտ է մոտ 3700 քվեատուփ, սակայն Հայաստան է բերվում 5000 քվեատուփ: Կեսը սպիտակ փականով` մեծամասնական ընտրակարգով ընտրության համար, կեսը` դեղնածիրանագույն` համամասնական ընտրակարգով ընտրության համար: