NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժամանակ Երեւանը» դատարանում լիքը գործ ունի
Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը, «Շանթ» հետուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը ՀՀ տարբեր դատարաններ դիմումներ են ներկայացրել ընդդեմ «Ժամանակ Երեւան» թերթի` բողոքելով կամ իրենց անհամաձայնությունը հայտնելով թերթում իրենց մասին հրապարակումներից: Դիմումները ներկայացվել են ուշացումով:
«Ժամանակ Երեւանի» խմբագիր Արմինե Օհանյանը հայտնեց, որ «Ժամանակ Երեւանի» դեմ դիմումների հետ կապված աշխատանքը իրավապահ մարմիններում ակտիվացել է 2007 փետրվարից: Դատախազությունը նախ թերթին տեղեկացրել է, որ Պուշկին Սերոբյանը համաձայն չէ այն հրապարակման հետ, ուր ԳԱԱ որոշ ակադեմիկոսներ թերթին ասել են, որ Պուշկին Սերոբյանը ԳԱԱ ինստիտուտներից մեկից հող է խլել: Հոդվածը լույս է տեսել 2006-ի հունիսին, Պուշկին Սերոբյանը իրավապահներին է դիմել 2006-ի աշնանը, նրանք էլ դիմումին ընթացք են տվել 2007-ի ձմռանը:
ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը դժգոհ է թերթի այն հոդվածից, ուր նշված է, թե նա փորձում է տիրանալ Նորքի Զանգվածում գտնվող մի փռի, որը այս պահին մի ընտանիքի կացարան է ծառայում: Այս մասին թերթերը գրել են սկսած 2004 թվականից: «Ժամանակ Երեւանը» այս մասին գրել է մի 3 ամիս առաջ, ու Հրանուշ Խառատյանը որոշել է դատարան ու դատախազություն դիմել հենց «ժամանակ Երեւանի» գրածի համար, թեեւ դա ընդամենը ողջ երեք տարիների գրածի ամփոփում է: «Ես լինելով «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, տասնյակ հոդվածներ եմ գրել այդ փռի մասին, ոչ մի անգամ Հրանուշ Խառատյանը չի արձագանքել», տեղեկացրեց Արմինե Օհանյանը:
Երրորդ դիմողը «Շանթ» հետուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանն է: Արթուր Եզեկյանը մեկ դիմումով չի սահմանափակվել: «ժամանակ Երեւանը» գրել է, թե Արթուր Եզեկյանը «Ռոտարի» ակումբի հետ կապ ունի, մասոն է: Հետո «ժամանակ Երեւանը» տպագրել է հերքումը, սակայն սեփական վերնագրով: Սա Արթուր Եզեկյանին չի գոհացրել, եւ նա երկրորդ հերքումն է պահանջել: Սա էլ է տպվել, բայց «ժամանակ Երեւանը» հերքման կողքին գրել է, որ Արթուր Եզեկյանը մասոն չի, այլ` «իշխանությունների ձեռքին գործիք»: Արթուր Եզեկյանը փորձում է գործարար համբավը պաշտպանել տնտեսական դատարանում:
