NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպական արժեքներ կրողները չեն գալիս ընտրության
Այն, որ Սերժ Սարգսյանին աջակցելու կարծես թե հաստատ որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը, կարող է խորացնել համոզումը, թե ընտրության ելքը Հայաստանում արդեն կանխորոշված է: Այդ կարծիքին մասամբ համաձայն է Հայաստանի Ազատական Առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը. «Եթե ժողովուրդը չի կարողանում իր ձայնը արտահայտել, ապա ներսի ու դրսի ռեսուրսի առկայության դեպքում բնական է, որ ընտրության արդյունքը կարող է թվալ կանխորոշված: Բայց կա մի խնդիր: Արդյոք մայիսի 12-ին հասարակությունը դա թույլ կտա, ասենք, այդ կտորը, այդ բավականին մեծ կտորը կուլ կգնա , թե ոչ», ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով, երկրում թվացող կայունություն է, եւ այնպես է, որ ամեն մի դիպված կարող է խաթարել այդ կայունությունը:
Նա լրագրողներին ասել է, թե ինքն ու իր կուսակցական ընկերներն ինչու են որոշել ՀԱԱԿ-ը հանել համամասնական ընտրապայքարից: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, դրա պատճառն այն է, որ կուսակցությունները Հայաստանում չունեն իրական վարկանիշ, որ ընտրությունների արդյունքով մի քանի տոկոս վերագրվում է իշխանական ուժերին եւ մի քանի տոկոս էլ` ընդդիմությանը: Դրանից բացի, ՀԱԱԿ որոշումը պայմանավորվել է նաեւ քաղաքական դաշտի ռացիոնալացման տեսանկյունից: Հովհաննես Հովհաննիսյանը գտնում է, որ Հայաստանի համար շատ է, երբ մի ընտրությանը մասնակցում է 25-26 կուսակցություն:
«Եվ պատճառներից մեկն այն էր, որ մենք մեր կուսակցությունը հանեցինք, որ այսօր թողնենք այն կուսակցությունները պայքարեն իրար մեջ, որոնք ավելի մեծ են, խոշոր են եւ շատ ավելի ազդեցիկ են այս երկրում: Որովհետեւ այն, ինչ որ մեր կուսակցությունն է ասում, հասարակության 30-40 տոկոսը կիսում են ասելիքը: Դա եվրոպական արժեքներն են, եվրոպական ինտեգրացիան է, համամարդկային արժեքներն են: Մեր հասարակությունն իսկապես այդ արժեքները կիսում է: Բայց, ցավոք սրտի, կրող այդ քանակի` 40 տոկոսի 95 տոկոսը չի գալիս ընտրության: Ցավոք սրտի, մեր մոտ ընտրությունները ձեւավորել է մի ինստիտուտ, որտեղ մարդկանց բերում են, իսկ բերում են այն մարդկանց, որոնք կարիք ունեն գալու, այսինքն կարիք ունեն փող վերցնելու: Այն մարդիկ, որոնք քաղաքական իդեաներ ունեն այս երկրում, նրանք չեն գալիս», ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:
