NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կուսակցությունները պետք է ներկայանան, հանրությունը` ընտրի
Հայաստանում պետք է ոչ թե փողի եւ պարտադրանքի, այլ հոգու եւ խղճի ընտրություն, նման հայտարարություն է արել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 13-ին «Հայացք» ակումբում: Ըստ ՕԵԿ նախագահի, Հայաստանում որոշ մարդիկ ելել են օրենքի շալակը: «Մենք գտնում ենք, որ եթե ուժի դեմ օրենքն անզոր է, դա արդեն մտահոգիչ է: Դրա համար էլ մեր հիմնական կարգախոսն ենք հռչակել` Հայաստանը դարձնել օրենքի երկիր, որովհետեւ մեր երկիրը օրենքի, իրավունքի կարիք է զգում եւ նաեւ մեր հանդիպումները ցույց են տալիս տարբեր մարզային բնակավայրերում, որ մարդկանց, այո, շատ է հուզում օրենքն ու արդարությունը», հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղդասարյանը թյուր է համարում կարծիքները եւ պտավորությունները, թե մարդիկ չեն հետաքրքրվում ծրագրերով եւ գաղափարներով. «Ուրեմն ես ասեմ, որ ամեն մի կիսատ գործ, ամեն մի իրական հնարավորություն, փոխելու մարդկանց կյանքը, դա հետաքրքրում է մեր ժողովրդին: Ես այն կարծիքին չեմ, որ մարդկանց ծրագրերը չեն հետաքրքրում: Մարդկանց շատ հետաքրքրում են:
ՕԵԿ նախագահը դժգոհել է ամեն քայլափոխի արձանագրվող նախընտրական անհավասար պայմաններից եւ օրինակներ բերել. Սպիտակի քաղաքապետը 100 հազար դրամ է պահանջել մի փոքր դահլիճ տրամադրելու համար, կուսակցությունն արտաքին գովազդի համար դիմել է գրեթե բոլոր թաղապետարաններին, բայց պատասխանել են շատ քչերը: Այդ ամենի մասին ՕԵԿ-ը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Իսկ ոստիկանությանն էլ տրամադրել են ընտրացուցակներում իրենց հայտնաբերած թերությունների մասին ու հույս հայտնել, որ դրանք սահմանված ժամանակում կշտկվեն:
Ընտրական գործընթացի պայմանների անբավարարությունը Արթուր Բաղդասարյանին հիմք չի տալիս հայտարարել, թե ընտրությունները կկեղծվեն. «այդպես հայտարարողներ ջուր են լցնում իշխանության ջրաղացին: Պետք է պայքարել կեղծիքների դեմ: Իսկ եթե այդպիսիք լինեն, ապա կլինեն նաեւ հետընտրական զարգացումներ»:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե պատկերացնում է արդյոք իրեն հայկական հեղափոխության առաջնորդի դերում, Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ինքը կողմ է ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն փոփոխություններին: «Հեղափոխությունը դա երկրի, ժողովրդի զարգացման լավագույն ճանապարհը չէ, որովհետեւ ամեն հեղափոխության հիմքում ցնցում է ընկած: Բայց նորից եմ ասում, ընտրական կեղծիքները բերելու են անբարենպաստ զարգացումների», ասում է ՕԵԿ նախագահը: Նա իրավիճակի կարեւորությունը ընդգծելու համար նշում է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, միջազգային դիտորդների թվի բազմապատկվել է:
Արթուր Բաղդասարյանի կարծիքով, ամեն կուսակցություն պետք է հնարավորություն ունենա ներկայացնել իր ծրագիրը, եւ հանրությունն էլ պետք է ընտրի դրանց մջջեւ:
