NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ընտրություններ» ավտոմատացված համակարգ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր փորձարկվեց «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը, որի նպատակն է ապահովել ընտրությունների նախապատրաստմանը, կազմակերպմանը, անցկացմանը առնչվող խնդիրների եւ քվեարկության ու ընտրությունների արդյունքների ամփոփման ավտոմատացումը: Համակարգը ոչ միայն ձայներն է հաշվելու, այն նաեւ ըստ այդ ձայների ընտրություններին մասնակցած ուժերի ստանալիք մանդատների քանակը: ՀՀ ԿԸՀ-ն հավաստիացնում է, որ համակարգը ապահովում է տվյալների ամբողջականությունը եւ երաշխավորում դրանց անվտանգությունը:
Այս պահին «Ընտրություններ» ավտոմատացված համակարգին միացած է ՀՀ 41 ընտրատարածքներից 28-ը, մնացած 13-ը կմիանան մինչեւ մայիսի 12-ը: Համակարգը թույլ է տալիս ընտրատարածքներից շատ արագ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկել տվյալներ եւ փաստաթղթեր: Փորձարկման պահին ԿԸՀ պահանջած փաստաթուղթը տեղ հասավ երկու րոպեում: Համակարգը ԿՀԸ-ին հնարավորություն է տալիս on-line ռեժիմում տեսնել, թե ինչ է կատարվում այս կամ այն ընտրատարածքի համակարգչում:
Ըստ օրենքով սահմանված կարգի, ԿԸՀ-ն քվեարկության օրը, սկսած առավոտյան ժամը 9:00-ից երեք ժամը մեկ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ կհաղորդի: Ընտրություններին մասնակցության մասին տվյալները կհաղորդվեն ինչպես ըստ ընտրատարածքների, այնպես էլ ըստ մարզերի եւ համայնքների: Հեռուստաընկերությունները ցանկության դեպքում կարող են «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի եւ ԿԸՀ ստացած տվյալները ցուցադրել ուղիղ եթերում:
