NON-GOVERNMENTAL ORGANIZATION
4 կուսակցություն արտոնյալ պայմաններում են
Երեւանի մամուլի ակումբը ապրիլի 10-ին հրապարակել է խորհրդարանի ընտրության պաշտոնական քարոզչությանը նախորդող հեռուստաեթերի մոնիտորինգի հաշվետվությունը, որ ներառում է փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը: Մոնիտորինգի է ենթարկվել 7 հեռուստաընկերություն` Հ1, Հ2, Արմենիա, Շանթ, ԱԼՄ, Երկիր Մեդիա,Կենտրոն հեռուստաընկերությունները: Ստացված տվյալի համաձայն, վերոհիշյալ ժամանակահատվածում հեռուստաեթերի առաջատար քառյակը կազմել են Տիգրան Կարապետյանի ԺԿ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այդ կուսակցություններին հատկացվել է առավել շատ եթերաժամանակ:
Յոթ հեռուստաընկերություններից չորսում, մարտի 1-31 ընկած ժամանակահատվածում, ամենից շատ եթերաժամանակ տրամադրվել է ՀՀԿ-ին: Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով, դա գուցե պայմանավորված է հանգամանքով, որ վարչապետի մահվան կապակցությամբ մարտի վերջին օրերին բավական հաճախակիացել էին ՀՀԿ մասին պատմող տեսանյութերը:
Ամենից շատ եթեր ունեցող քառյակին հաջորդում են ընդդիմադիր կուսակցություններ, որոնցից ամենից շատ եթերում անդրադարձ եղել է ՀԺԿ-ին: Հետո ՕԵԿ-ն է, ՀՀՇ-ն, Ազգային Միաբանությունը, ԺՈՒԿ-ը, ԱԺԿ-ն, ՀԴԿ-ն, Դաշինքը, Ժառանգությունը: Ընդ որում, Երկիր Մեդիայի եթերում, Դաշնակցությունից հետո, հաշվետու ժամանակահատվածում եթերում ամենից շատ ժամանակ հատկացվել է ՀՀՇ-ին: Սակայն մոնիտորինգի հեղինակները դիտարկել են միայն եթերաժամանակի քանակական կողմը: Իսկ թե հեռուստաընկերությունները կուսակցություններին ինչ որակի անդրադարձ են կատարել` դրական, թե բացասական, մոնիտորինգը չի ուսումնասիրել, քանի որ այդպիսի խնդիր չի դրել իր առաջ: Այդ խնդիրն իրականացվելու է արդեն ապրիլի 8-ից մեկնարկած փուլում, որն ընդգրկելու է 13 հեռուստաընկերություն, հանրային ռադիոն եւ չորս թերթեր` Առավոտ, Հայկական Ժամանակ, Հայաստանի Հանրապետություն, Ռեսպուբլիկա Արմենիա:
