NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խորհրդարանի ընտրություն մայիսի 13-ից հետո
Եթե մայիսի 12-ին խորհրդարանի ընտրությունը կեղծվի, ապա վստահաբար կարելի է ասել, որ խորհրդարանի ընտրություն տեղի կունենա մայիսի 13-ից հետո, այս տեսակետին է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Դալլաքյանը նշել է, որ 2007 թվականի ընտրությանը համարժեք կարձագանքի թե ժողովուրդը, թե միջազգային հանրությունը: Ժողովուրդը կեղծված ընտրությունից հետո միշտ էլ դուրս է եկել փողոց, կարծում է Վիկտոր Դալլաքյանը, նշելով, որ իշխանությունը այդ բողոքը ճնշել է բռնի ուժով, ինչը ցույց է տալիս, որ իշխանությունը հանցավոր է: Նա նշում է նաեւ, որ այս անգամ այլ է լինելու միջազգային հանրության արձագանքը: «2003 թվականին միջազգային հանրության արձագանքը Հայաստանի ընտրության եւ ժողովրդի ընդվզման նկատմամբ համարժեք չէր: Ես կարծում եմ, որ այս անգամ այդ արձագանքը կլինի համարժեք», ասում է Վիկտոր Դալլաքյանը: Նա հայտարարել է, թե չի կարող բացել փակագծեր, բայց կարող է ասել, որ վերջերս հանդիպել է մի շարք լուրջ երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ եւ արտահայտում է նաեւ նրանց գնահատականը:
