NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օմբուդսմենը դժվարամատչելի է մարզերի բնակչությանը
Հայաստանի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն, 2006 թվականի փետրվար-դեկտեմբեր հատվածում 10 ամսում, օմբուդսմենը 6567 անձանցից ստացել է 2687 դիմում-բողոք` 49 դիմումով ավելի քան 2005 թվականի 12 ամիսներին: 2006 թվականին 10 ամսվա ընթացքում Պաշտպանի գործունեության արդյունքում արձանագրվել է իրավունքների վերականգնման 243 դեպք : Արմեն Հարությունյանը օմբուդսմեն է նշանակվել հենց 2006-ի փետրվարին:
Ըստ զեկույցի, դիմողների մեծ մասը` 772 հոգի Երեւանից են : Երկորդ տեղում Շիրակի մարզից եկած դիմումներն են` 96: Ամենաքիչ բողոքներ եկել են Վայոց Ձորից` 13 դիմում: 2687 դիքումներից քննարկման է ընդունվել 455-ը, 171 դիքումատուի ներկայացվել է իրավունքի պաշտպանության հնարավորությունները, 85 դիմում փոխանցվել է այլ մարմինների քննարկմանը: ՀՀ քաղաքացիները հիմնականում բողոքում են ՀՀ դատարաններից` 159 դիմում, Երեւանի քաղաքապետարանջց` 120 դիմում եւ ՀՀ ոստիկանությունից` 114 դիմում: Բողոքներ կան նաեւ ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, դատախազության, ՏԻՄ մարմինների աշխատանքից : «Անհրաժեշտ է նշել, որ գրեթե չկան այնպիսի իրավունքներ, որոնց խախտման առնչությամբ բողոքներ արձանագրված չլինեն», եզրակացնում է Արմեն Հարությունյանը։
Իր զեկույցի հենց սկզբում ՀՀ օմբուդսմենը նշում է. «Մարզերից ստացված դիմում-բողոքների սակավությունը, Երևան քաղաքից ստացվածների համեմատությամբ, վկայում է ոչ թե մարզերում մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակի մասին, այլ մարդու իրավունքների պահպանության և պաշտպանության հանդեպ հանրային մարմինների կողմից ցուցաբերվող անտարբերության արդյունքում հատկապես մարզերի բնակչության շրջանում օրենքի և իրավունքի հանդեպ մերժողական վերաբերմունքի առկայության, ինչպես նաև Պաշտպանի հաստատության դժվարամատչելիության մասին»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր տարեկան զեկույցում ներկայացնում է նաեւ ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման պատճառների սեփական վերլուծությունը: «Առաջինը՝ դա հանրային մարմինների կողմից իրավաստեղծ գործունեության ընթացքում թույլ տրված բացթողումների, այդ թվում` ենթաօրենսդրական ակտերը ուշացումով ընդունելու հետևանքով գործող օրենսդրության մեջ առկա թերություններն են՝ նորմատիվ-իրավական ակտերում տեղ գտած բացերը, ոչ հստակ կամ հակասական ձևակերպումները»:
Երկրորդ. «2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունները մեծ չափով նպաստեցին ՀՀ-ում մարդու և քաղաքացու սահմանադրաիրավական կարգավիճակի ամրապնդմանը, քաղաքացիների համար ստեղծեցին բարենպաստ պայմաններ իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում: Սակայն ակնհայտ է, որ չնայած սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, դրանց իրագործման արդյունավետությունը մեծ չափով պայմանավորված է ընթացիկ օրենսդրության մեջ այդ նորմերի պահանջների փոխակերպման որակից: Ուստի այս կամ այն իրավունքների սահմանադրական ամրագրումն ինքնին դեռևս բավականաչափ երաշխիք չէ հասարակական պրակտիկայում դրանց իրացման համար»:
Եվ երրորդ: «Փորձը ցույց է տալիս, որ եզակի չեն դեպքերը, երբ հանրային մարմինը գործում է իրավական ակտերի դրույթներին լրիվ համապատասխան, սակայն նման գործողությունների արդյունքում մարդու իրավունքները խախտվում են: Եզակի չեն նաև այնպիսի դեպքերը, երբ նորմատիվ իրավական ակտերի առանձին դրույթների ոչ հստակ կամ հակասական ձևակերպումները, առկա բացերը հանրային մարմիններին հնարավորություն են տալիս իրենց համար նախընտրելի ձևով մեկնաբանել այդ դրույթները, ինչը նույնպես հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների: Այս ոլորտում պատկերը ամբողջական կդառնա, եթե ավելացնենք, որ գործող օրենսդրության անկատարությունը հանգեցնում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների»:
