NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կանանց եւ երեխաների իրավունքները պատշաճ կերպով չեն պաշտպանվում
«Չնայած օրենքի առջեւ կանանց եւ տղամարդկանց հավասարության հռչակմանը` քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների իրականացման բնագավառում կանանց եւ տղամարդկանց միջեւ առկա են անհավասարություններ: Ինչպես նշվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարիների զեկույցներում կանանց զբաղվածության եւ հասարակական կյանքում նրանց մասնակցության ցուցանիշները շարունակում են մնալ շատ ցածր մակարդակում», նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2006 թվականի տարեկան զեկույցում:
Արմեն Հարությունյանի զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանում կանացի իրավունքների պաշտպանության ներկա վիճակը չի գոհացնում նաեւ եվրոպական կառույցներին: 2006 թվականին Հայաստան են այցելել ԵԽ Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների կոմիտեի ներկայացուցիչները եւ հրապարակել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում կանանց իրավիճակի վերաբերյալ զեկույց, ուր ընդգծվել է, որ «կանանց իրավիճակը Հարավային Կովկասում անհանգստացնող է, նրանց մասնակցությունը քաղաքական եւ հասարակական կյանքին բավական սահմանափակ է»:
Առանձնապես բարվոք չէ նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, որի մասնակցությունը նման հարցերով դատաքննությունների ժամանակ պարտադիր է, նախապես մանրամասնությամբ չի ուսումնասիրում խնդիրը: Չի վերահսկում դատարանի վճռի կատարման ընթացքում երեխայի հետ շփվելու իրավունք ստացած ծնողի վարքագիծը», նշված է Արմեն Հարությունյանի զեկույցում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնողների առանձին ապրելու իրավիճակում հայտնված երեխաների շահերի եւ իրավունքների անտեսման դեպքերը կրում են համատարած բնույթ:
