Հայաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունը

2007 թվականի ապրիլի 2-ին, ժամը 22:20-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի մայրուղու Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական ավտոմեքենայի «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակահերթի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղեւորներից երեքը` Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված 1985թ.), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված 1981թ.) եւ Հովհաննես Լեւոնի Միրզախանյանը (ծնված 1970թ.) տեղում մահացել են: «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության:

«Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւոր Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը եւ «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջողլյանը, ուղեւոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չեն ստացել եւ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն: Կատարվել է տեղազննություն, նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի հանգամանքները եւ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: