Կանայք` կանանց դերի մասին

Ապրիլի 2-ին պատգամավորի թեկնածուներ, Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը խոսում էին քաղաքականության մեջ կանանց այսօրվա վիճակի եւ այս հարցում սեփական մոտեցումների մասին: Կանայք քաղաքականության մեջ անելիք ունեն` «այնպես ինչպես ընտանիքներում եւ ընդհանրապես կյանքում, կանայք պետք է լրացնեն այն պակասը, որ չկա տղամարդկանց մոտ», հայտարարեց Հեղինե Բիշարյանը: Նա շատ կուզեր, որ 2007 թվականի ԱԺ ընտրություններից հետո եւ խորհրդարանում եւ բարձր պաշտոններում շատ կանայք լինեն: Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը պաշտոնական տարբեր այցերով տարբեր երկրներում է եղել եւ հայտարարեց, որ բոլոր այն խորհրդարանները, որտեղ կանանց թիվը մեծ է»ուժեղ են եւ լավ օրենքներ գրող»: Կարինե Հակոբյանն էլ ասաց, որ այն երկրներում, ուր կոռուպցիան ցածր մակարդակ ունի, չկան գենդերային լուրջ խնդիրներ եւ հակառակը: Հայաստանում գենդերային լուրջ խնդիրներ կան: Կանայք լուրջ խնդիրներ չունեն, եթե ընդհանուր կրթվածության մակարդակն է բարձր, տեղեկացրեց Կարինե Հակոբյանը:
Կանայք ավելի սկզբունքային են, համոզված է Հեղինե Բիշարյանը. «ես երբեք անգիտակից կոճակ չեմ սեղմել: Ես սրանով տարբերվում եմ կոճակ սեղմողներից»:

Կանանց մասնակցությունը քաղաքականությանը ինքնանպատակ չէ, սա էլ Կարինե Հակոբյանն է: «Այն մեխանիզմներն ու որակները, որոնցով տղամարդիկ են գալիս ԱԺ, լինի կանանց պարագայում, ես մեծ արդյունք չեմ ակնկալում: Որակի փոփոխության խնդիրն է կարեւոր: Իսկ որակի փոփոխության համար կանանց մասնակցությունը կարող է օգտակար լինել: Այս ներուժը չօգտագործելը եւ պետական եւ ազգային տեսակետից խելամիտ չէ», համոզված է բանախոսը:

Կարինե Հակոբյանը կողմ է ֆեմինիզմը գենդերային քաղաքականությամբ փոխարինելով: Մի բան, որ հիմա արվում է, սակայն բանախոսին դուր չեն գալիս այսօր իրականցվող ծրագրերը: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ծանր արդյունաբերության մեջ լինեն այնքան կանայք, որքան տղամարդիկ: Բայց շատ լավ կլինի, որ կրթության ոլորտում լինեն շատ տղամարդիկ` հատկապես տղամարդ ուսուցիչներ, նկատում է Կարինե Հակոբյանը: Անգամ քաղաքականության մեջ այս պահին նպատակահարմար չէ կանանց եւ տղամարդկանց 50/50 ներկայություն. «այ երբ կուսակցություններում կանայք կլինեն 50 տոկոս, այն ժամանակ էլ կասենք, թող քաղաքականության մեջ էլ կանայք լինեն 50 տոկոս», հայտարարեց Կարինե Հակոբյանը: